Պաշտոնական

Տիգրան Ավինյանը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է էներգետիկ և տրանսպորտային ոլորտներում նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները

2 րոպեի ընթերցում

Տիգրան Ավինյանը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է էներգետիկ և տրանսպորտային ոլորտներում նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանը փետրվարի 28-ին ն ընդունել է ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ կառավարությունը մեծ նշանակություն է տալիս Չինաստանի հետ հաստատված արդյունավետ ու փոխշահավետ համագործակցությանը և շարունակելու է գործուն քայլեր ձեռնարկել երկկողմ կապերն էլ ավելի զարգացնելու համար:

Զրուցակիցները քննարկել են հայ-չինական առևտրատնտեսական հարաբերությունների հետագա խորացման և ընդլայնման հարցեր և այս առումով կարևորել հայ-չինական միջակառավարական հանձնաժողովի աշխատանքները, որի հերթական նիստը կանցկացվի մոտ ապագայում: Մանրամասն անդրադարձ է եղել հայկական սննդի արդյունաբերության և ալկոհոլային արտադրանքի Չինաստան արտահանման ծավալների մեծացման հնարավորություններին, էներգետիկ և տրանսպորտային ոլորտներում նոր ծրագրերի իրականացմանը: Զբոսաշրջության և բիզնես շրջանակների շփումների խթանման համատեքստում կարևորվել է երկու երկրների միջև մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացումը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանին Չինաստանի կողմից տրամադրվող անհատույց պետական օգնության հետ կապված հարցեր: Կողմերն անդրադարձել են նաև նոյեմբերին Շանհայ քաղաքում կայանալիք «Չինաստան ներմուծվող ապրանքների 2-րդ միջազգային ցուցահանդես»-ին Հայաստանի հավանական մասնակցության թեմային:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում