Պաշտոնական

Սումգայիթյան հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի. Արմեն Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Սումգայիթի ողբերգության զոհերի հիշատակին

2 րոպեի ընթերցում

Սումգայիթյան հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի. Արմեն Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Սումգայիթի ողբերգության զոհերի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 28-ին այցելել է Ծիծեռնակաբերդի բարձունք՝ ոգեկոչելու Սումգայիթի ողբերգական դեպքերի անմեղ զոհերի հիշատակը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահը ծաղկեպսակ է դրել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ:

«Այսօր համայն հայությամբ հիշում ենք 1988 թվականի փետրվարի 27-28-ի ոճրագործությունները: Ի պատասխան Արցախի հայ բնակչության խաղաղ ցույցերի, որոնք իրացնում էին ինքնորոշման իրենց իրավունքը, Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում զանգվածային արյունոտ հաշվեհարդար կազմակերպվեց հայերի դեմ:

Ազգային թշնամանքի հողի վրա մեր հարյուրավոր հայրենակիցներ սպանվեցին, մյուսները ենթարկվեցին դաժան բռնությունների ու վայրագությունների, բռնի տեղահանվեցին իրենց բնակավայրից»,-նշել է նախագահ Սարգսյանը՝ հավելելով.«Սումգայիթյան հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի, և մենք պետք է ամեն ինչ անենք, որ այդ ահավոր հանցագործությունը խստորեն դատապարտվի միջազգային հանրության կողմից, արժանանա ճանաչման ու ճիշտ գնահատականի»:

Հանրապետության նախագահը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում անմար կրակի մոտ հարգանքի տուրք է մատուցել նաև 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում