«Հայֆիլմ»-ը ազգային բրենդ. մասնավորն ու պետությունը վստահ են՝ ներդրումները կարող են փրկել հայկական կինոարտադրությունը

12 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնությունը նպատակ ունի ստեղծել «Հայֆիլմ» ազգային բրենդ՝ հին ավանդույթներով, բայց ժամանակակից գաղափարներով և մտածողությամբ: ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման կոմիտեն էլ վստահ է՝ ներդրումները կարող են փրկել հայկական կինոարտադրությունը:

Համո Բեկնազարյանի անվան գեղարվեստական ֆիլմերի «Հայֆիլմ» կինոստուդիայի ճակատագրի վերաբերյալ «Արմենպրես»-ը զրուցել է «Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնության հիմնադիր, ռեժիսոր Հայկ Բաբայանի և ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանի հետ:

Հայկ Բաբայանը խոսեց իրենց նպատակների, անելիքների և պաշտոնյաների հետ հանդիպումներից կատարված եզրահանգումների մասին: «Մեր երկրում «Հայֆիլմ» կինոստուդիան որպես բրենդ ունենալը, կարծում եմ, ռազմավարական նշանակություն ունի, քանի որ այն ևս շատ լուրջ հարց է լուծում, որպեսզի մենք ունենանք մեր անձնագրերից մեկը՝ կինոյի ոլորտում: Մենք մի շարք գաղափարներ ունենք, որոնք կյանքի կոչելու հնարավորություն ստանալու դեպքում կկարողանանք կինոյի ոլորտում մթնոլորտի փոփոխություն մտցնել և այն ավելի առողջ դարձնել»,- նկատեց նա:

Անդրադառնալով կինոկրթությանը՝ նա նշեց, որ իրենք շատ են կարևորում այն և կարծում են, որ «Հայֆիլմ»-ում կարելի է ստեղծել կինոդպրոց, որտեղ ուսանողի համար տեսությունն ու պրակտիկ աշխատանքը համադրելու հնարավորություն կստեղծվի: Կինոդպրոցում պետք է սահմանվի որոշակի չափով ուսման վարձ, ինչը պետք է շատ թանկ չլինի: «Հենց այդ վարձավճարներից կարելի է ձևավորել արտաբյուջե, ինչով էլ կլրացվեն մնացած բոլոր բացերը»,- ասում է նախաձեռնության հեղինակը:

«Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնության անդամները կինոստուդիայի ճակատագրի վերաբերյալ իրենց ծրագրերը մշակելու ընթացքում շատ բարդ փուլեր են անցել մինչև գտել են այն, ինչն իրականում ամենակարևորն է: Ծրագիրը կոչել են «Առաջին քայլեր»՝ նկատի ունենալով, որ իրենք չեն սահմանափակվում նրանով, որ միայն այս ծրագրի կետերը կյանքի կոչեն և վերջ: Ասում է, թե այդ ծրագրերն ունենալու են իրենց տրամաբանական շարունակությունը:

«Մի հետաքրքիր բան ենք առաջարկում պետությանը՝ մենք անում ենք 10 քայլ, ինչից հետո պետությունն իրականացնում է 2 քայլ, ինչից հետո մենք կրկին անում ենք 10 քայլ: Մեր երկրորդ 10 քայլից հետո պետությունն անում է 5 քայլ: Այսինքն՝ սա մի նախաձեռնություն է, որն աջակցում է պետությանը, և միայն կառավարությանը կամ այլ պաշտոնյաներին չենք մեղադրում ամեն ինչում»,- շեշտեց Հայկ Բաբայանն ու հավելեց, որ իրենց ներկայացրած ծրագրերի մի քանի կետ իրականացնելու դեպքում հնարավոր կլինի «Հայֆիլմ»-ըդարձնել պրեմիերաների, ցուցադրությունների, համաժողովների մի վայր, որը նոր շունչ կհաղորդի կառույցին:

Նրա պնդմամբ՝ պետք է այնպես անել, որպեսզի «Հայֆիլմ»-ը ծառայի կինեմատոգրաֆին, ռեժիսորին, ժողովրդին:

«Կարծում եմ, որ «Հայֆիլմ»-ը պետք է 6 գործառույթ իրականացնի՝ նկարահանվեն ֆիլմեր, մուլտֆիլմեր, կառույցը պետք է ունենա կինոկրթական, սպասարկման, ինչպես նաև զբոսաշրջային կենտրոններ: Կինոստուդիայի տարածքում մենք ցանկանում ենք ունենալ նաև միջոցառումների և ցուցադրությունների կենտրոն: Կարծում եմ, որ հնարավոր է նաև «Հայֆիլմ»-ի տարածքում գտնվող այգին «վերաբնակեցնել»՝ կազմակերպելով, օրինակ, համապետական ծառատունկ, և գեղեցիկ այգի ստեղծել: Տարիներ անց, բացի նկարահանման հրապարակ լինելուց, այն կարող է դառնալ քաղաքացիների համար զբոսանքի վայր»,- ասաց Հայկը:

Նախաձեռնության հեղինակը, անդրադառնալով կինոստուդիայի հին լոգոյին, նշեց, որ իրենց կարծիքով «Հայֆիլմ»-ի հին լոգոն, որտեղ Սասունցի Դավիթն է պատկերված, պետք է լինի շենքի ճակատային հատվածում: Տեղադրման ժամանակ, ըստ նրա, պետք է մի միջոցառում կազմակերպել, ինչը գուցե մարդկանց մոտ մեծ ոգևորություն առաջացնի:

Հայկ Բաբայանը և նախաձեռնության մյուս անդամներն իրենց ծրագրերը ներկայացրել են ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանին և ՀՀ ԱԺ պատգամավոր Վարազդատ Կարապետյանին:

Վարազդատ Կարապետյանը Հայկ Բաբայանին և նրա ընկերներին խորհուրդ է տվել նախաձեռնությունը դարձնել հասարակական կազմակերպություն, քանի որ ՀԿ լինելով՝ ավելի հեշտ կկարողանան ծրագրերը ներկայացնել կառավարություն:

Նարեկ Բաբայանի հետ հանդիպման ժամանակ ներկայացրել են նախաձեռնության բոլոր ծրագրերը, որոնք կարելի է կյանքի կոչել, սակայն Հայ Բաբայանի կարծիքով՝ պետությունը «Հայֆիլմ»-ին կարծես թե նայում է որպես ուղղակի գույքի և ոչ ազգային բրենդ դարձնելու պոտենցիալ կառույցի:

«Մենք թողել ենք ծրագրերը պարոն Բաբայանի մոտ, ով դեռևս պետք է ավելի մանրամասն ուսումնասիրի դրանք: Մենք նրանից լավ նորությունների ենք սպասում և համագործակցության առաջարկակնկալում»,- նշեց «Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնության հիմնադիրը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը նշեց, որ նախաձեռնության անդամների առաջարկներում շատ հետաքրքիր կետեր կան, որոնք կարող են կյանքի կոչվել:

«Մեծ հաշվով, որպեսզի հնարավոր լինի լուրջ հաջողությունների հասնել, պետք է բարելավվի ֆինանսական վիճակը: Այս պահին, ֆինանսական առումով, մենք բացասական միտումներ ունենք, քանի որ «Հայֆիլմ» ՓԲԸ-ն պարտքեր է կուտակում: Նրանց առաջարկներում բավական հետաքրքիր գաղափարներ կան, սակայն «Հայֆիլմ»-ը պետք է շնչի, զարգանա, որպեսզի հնարավոր լինի իրագործել այդ կետերից որոշները: Նախաձեռնության անդամները կարծում են, որ «Հայֆիլմ»-ը պետք է կինոստուդիա լինի ու ֆիլմ նկարի՝ ինչպես եղել է Խորհրդային Միության ժամանակ»,- նկատեց ՊԳԿ-ի նախագահը և հավելեց, որ պետությունը չի պատվիրելու ֆիլմ նկարել, թեև Մշակույթի նախարարության միջոցով Կինոկենտրոնը մրցույթներ է իրականացնում ամեն տարի, և տարբեր ռեժիսորներ հաղթում են ու ֆիլմեր նկարում:

Նրա խոսքով՝ Խորհրդային Միության ժամանակ եղել է այն գաղափարախոսությունը, որ պետությունը պետք է որոշի, թե ինչ ֆիլմեր նկարահանվեն՝ պրոպագանդիստական ուղղությամբ, սակայն այսօր այդպես չի կարող լինել:

« Չեմ կարծում, որ այսօր դա նպատակահարմար է: «Հայֆիլմ»-ն այսօր խոշոր պարտքեր չունի, սակայն աշխատավարձերի և կոմունալ վարձերի մի քանի ամսվա պարտք կա: «Հայֆիլմ»-ի եկամուտները, որոնք ստացվում էին կինոցուցադրություններից՝ Մշակույթի նախարարության որոշմամբ անցել են Կինոկենտրոնին: Այդ ամենի պատճառով «Հայֆիլմ»-ի եկամուտները զգալիորեն նվազել են: Եթե մեզ հաջողվի ներդրողների հետ կնքել պայմանագիր, ապա վստահ եմ, որ բարելավումը կշտկի իրավիճակը»,- ասաց Նարեկ Բաբայանը:

Վերջինս, անդրադառնալով «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքին, նշեց, որ իրենք հիմա շատ ակտիվ բանակցությունների մեջ են «Հայֆիլմ»-ի տարածքի վերաբերյալ: Կա ներդրող, որը պատրաստ է վարձակալել այդ տարածքի զգալի մասը: Ըստ ՊԳԿ նախագահի, ներդրողը նախատեսում է այնտեղ ֆիլմարտադրությամբ զբաղվել, կինոօպերատորական դպրոց հիմնել և հիմնականում արտասահմանից ունենալ նկարահանող խմբեր, ովքեր, օգտվելով այդ տարածքի հնարավորություններից, ֆիլմեր կնկարահանեն:

«Այդ ամենն էլ հնարավորություն կտա ֆիլմերի ավելի ցածր ինքնարժեք ստանալ, քան եթե նկարահանեն իրենց երկրներում՝ եվրոպական կամ անգամ Ռուսաստանի Դաշնությունում: Եթե մենք հաջողությամբ իրականացնենք այս նախագիծը և վարձակալության հանձնենք տարածքը, կլինեն լուրջ ներդրումներ, տարածքում աշխուժություն կմտնի, և այդ ամենն էլ շղթայաբար կհանգեցնի կինոստուդիայի զարգացմանը: Կբարելավվի «Հայֆիլմ» ՓԲԸ-ի ֆինանսական վիճակը, և կամաց-կամաց նույնպես հնարավոր կլինի կյանքի կոչել այն մտքերն ու գաղափարները, որոնք ներկայացրել են նախաձեռնության հեղինակները: Մենք պատրաստ ենք քննարկել այդ առաջարկները և որոշակի քայլեր անել՝ դրանք իրագործելու համար, որովհետև կարծում ենք, որ կան առաջարկներ, որոնք նպատակահարմար են իրագործել: Առայժմ ամեն ինչ կախված է ֆինանսական վիճակից, ներդրողների հետ բանակցություններից»,- ընդգծեց Նարեկ Բաբայանը:

Կինոստուդիայի դիմաց կա 4 հա տարածք, իսկ հետևի հատվածում՝ 8 հա, որոնք ուղղակի ամայի հողատարածքներ են: Ինչպես Պետական գույքի կոմիտեի նախագահն է ասում՝ միգուցե հեռանկարում դրանց անհրաժեշտությունը չլինի և դրանք առանձին մասնավորեցվեն, սակայն բուն մասնաշենքերը և այդ ամբողջ տարածքը պետք է ծառայեն կինոարտադրությանը:

«Եթե այնտեղ աշխուժություն լինի, չի բացառվում, որ ֆիլմ արտադրող տարբեր հայկական ընկերություններ ավելի նպատակահարմար գտնեն իրենց գրասենյակները տեղակայել «Հայֆիլմ»-ի տարածքում: Այդպիսով, նրանք կլինեն ֆիլմարտադրության տարածքում, որը նրանց հնարավորություններն ու հարմարավետությունն ավելի կմեծացնի: Ամեն ինչ կախված է, թե ներդրողների հետ այս նախագիծն ինչպես կկարողանանք կյանքի կոչել»,- շեշտեց Բաբայանը:

Նա կողմ է, որ «Հայֆիլմը» մասնավորեցման ցանկից հանվի, և քննարկվի այն տարբերակը, թե ինչ հեռանկար կա «Հայկ» փաստավավերագրական ֆիլմերի կինոստուդիայի, «Հայֆիլմ»-ի և Կինոկենտրոնի հետ կապված: Այս ամենից հետո, երբ պարզ կդառնա, թե պետությունն ինչպիսի քաղաքականություն է վարելու առաջիկա տարիներին, «Հայֆիլմ»-ի հետ կապված ինչ զարգացումներ կարող են լինել, նոր միայն հնարավոր կլինի ասել՝ այդ ամբողջ տարածքը անհրաժեշտ է, թե ոչ:

Կինոստուդիայի տարածքում ներդրում անողը մի ընկերություն է, որը ցանկանում է ներդրում անել և երկարաժամկետ վարձակալել այդ տարածքը՝ մոտ 15 տարով: Նախատեսվում է ներդնել 3.5 մլն եվրո, որից նախնական տվյալներով շուրջ 2 մլն պետք է հատկացվի վերանորոգման աշխատանքների, իսկ մնացածը՝ տեխնիկայի և կահավորանքի համար: «Ցանկալի է, որ այդ ամբողջ տարածքը դառնա մեկ միասնական կենտրոն, որտեղ կինոգործիչներն իրենց գործունեությունը կծավալեն»,- շեշտեց Պետական գույքի կոմիտեի նախագահը:

Նախաձեռնության անդամների հետ հստակ պայմանավորվածություններ չունեն, քանի որ նրանց առաջարկներն ավելի շատ Մշակույթի նախարարությանը վերաբերող առաջարկներ են: Այժմ, ՊԳԿ-ն Մշակույթի նախարարության հետ նույնպես քննարկումների մեջ է և, երբ վերջնական հանգրվանի հասնեն այդ քննարկումներում ու հստակ առաջարկներ ներկայացնեն կառավարությանը՝ այդ ժամանակ գուցե քննարկվեն նաև նախաձեռնության անդամների ներկայացված առաջարկները:

Հեղինակ Լիլիթ Դեմուրյան

Լուսանկարները՝ Մխիթար Խաչատրյանի

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում