Քաղաքականություն

Տիգրան Ավինյանը կառավարության ծրագրի քննարկման ընթացքում ընդդիմությունից կառուցողական առաջարկ դեռ չի լսել

4 րոպեի ընթերցում

Տիգրան Ավինյանը կառավարության ծրագրի քննարկման ընթացքում ընդդիմությունից կառուցողական առաջարկ դեռ չի լսել

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանն Ազգային ժողովում կառավարության ծրագրի շուրջ ծավալվող քննարկումներում ընդդիմության կողմից կառուցողական առաջարկ դեռ չի լսել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ավինյանն ասաց փետրվարի 13-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Այս երկու օրվա հարցուպատասխանից ու արդեն իսկ տեղի ունեցած ելույթներից ես մի բան հասկացա, որ ընդհանուր բովանդակային քննարկումներ այդպես էլ չծավալվեցին, և չեն ծավալվելու, որովհետև կառավարության ծրագրի բովանդակության հետ ես ընդդիմության կողմից կառուցողական առաջարկներ այս ֆորմատով դեռևս չեմ լսել: Խոսվում էր կոնցեպտուալ խնդրի մասին՝ թիվ կա, թիվ չկա, անընդհատ այս բանավեճի մեջ էինք: Այն, ինչ գրված էր հենց տնտեսության մոդելի առումով, ներառականության առումով, մրցակցության բարձրացման, արտահանման ճյուղերի ուժեղացման առումով, նման բովանդակային քննարկում տեղի չունեցավ, և կցանկանայի, որ մենք ավելի վերադառնայինք կառուցողական դաշտ, և նմանատիպ հարցեր քննարկեինք»,- ասաց Ավինյանը:

Փետրվարի 8-ին տեղի ունեցած Կառավարության նիստում գործադիրը հաստատեց իր ծրագիրը:

Փետրվարի 12-ին Ազգային ժողովի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց կառավարության հաստատված ծրագիրը: Գործադիրի ղեկավարին հարց տալու համար հերթագրվել էր 53 պատգամավոր:

Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը ներառում է հետևյալ բաժինները.

Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության հիմնարար ուղենիշերը, Արտաքին և ներքին անվտանգության ապահովումը (պաշտպանության ոլորտի քաղաքականություն, ներքին անվտանգություն, արտաքին քաղաքականություն, սփյուռքի հետ կապեր), Պայքար կոռուպցիայի դեմ (հանրային ծառայության մեջ գտնվող անձանց գործունեության, գույքի և եկամուտների թափանցիկություն, հանրային կառավարում, տնտեսական գործունեության թափանցիկություն), Ազատ, արժանապատիվ և երջանիկ քաղաքացի (օրենքի առջև բոլորի հավասարություն, արդարադատություն և մարդու իրավունքների պաշտպանություն, աղքատության հաղթահարում, սոցիալական պաշտպանություն և ժողովրդագրություն, առողջապահություն, կրթություն և գիտություն, մշակույթ, սպորտ, երիտասարդություն, շրջակա միջավայր), Մրցունակ, մասնակցային և ներառական տնտեսություն (տնտեսական քաղաքականությունը և քաղաքացու բարեկեցությունը, ստեղծարար ներուժի ընդլայնումը և իրացումը, մրցունակ և մասնակցային տնտեսություն, գործարար միջավայր, ներքին շուկաների ազատություն, արդար մրցակցություն, արտահանումը՝ տնտեսական աճի հիմնական շարժիչ, ներդրումների աճը՝ մրցունակության և կայուն աճի նախապայման, զբոսաշրջություն, ՓՄՁ զարգացումը՝ ներառական տնտեսական աճի նախադրյալ, վերամշակող արդյունաբերություն, գյուղատնտեսություն), Տարածքային կառավարում, տեղական ինքնակառավարում և ենթակառուցվածքներ (տարածքային կառավարում և տեղական ինքնակառավարում, էներգետիկ բնագավառ, հանքարդյունաբերության ոլորտ, ջրային տնտեսություն, տրանսպորտ, պետական գույքի կառավարում, միգրացիա), Բարձր տեխնոլոգիաներ, թվայնացում և ռազմարդյունաբերություն (բարձր տեխնոլոգիաներ, կապ և թվայնացում), Պետական ֆինանսների կառավարում (հարկային համակարգ, պետական ծախսեր):

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 151-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովը Կառավարության ծրագրին հավանություն է տալիս յոթնօրյա ժամկետում` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում