Հայկ Մարությանն ընդունել է ավտոբուսներ արտադրող Daimler Buses ընկերության ներկայացուցչին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տրանսպորտային համակարգի արմատական բարեփոխման ծրագրի համաձայն, Երևանի քաղաքապետարանը սկսել է հանդիպում-քննարկումները ոլորտում հայտնի կազմակերպությունների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Daimler Buses («Դայմլեր բասիս») ընկերության վաճառքների դեպարտամենտի տնօրեն Բերնդ Մեքի հետ: Հանդիպմանը ներկայացվել է ընկերության գործունեությունը, մասնավորապես, ավտոբուսների ամբողջական արտադրության գործընթացը: Daimler Buses-ը գործարաններ ունի տարբեր աշխարհամասերում, հիմնական շուկաներն են Եվրոպան և Հարավային Ամերիկան: Քաղաքային ավտոբուսների արտադրությունում ընկերության շուկայի մասնաբաժինը Արևմտյան Եվրոպայում շուրջ 30% է, ընկերությունը ամենախոշոր մատակարարն է ողջ Եվրոպայում: Քաղաքապետարանում ներկայացվել են տարբեր մակնիշի, տարողության քաղաքային ավտոբուսներ, որոնք աշխատում են նաև հեղուկ գազով և հիբրիդային կամ ամբողջովին էլեկտրական մարտկոցներով:

Daimler Buses ընկերության վաճառքների դեպարտամենտի տնօրենը պատրաստակամություն է հայտնել շարունակել քաղաքապետարանի հետ համագործակցությունը և նշել, որ ընկերությունը հետաքրքրված է Երևանի տրանսպորտային համակարգի բարեփոխումների ծրագրերով:

Երևանի քաղաքապետն իր հերթին տեղեկացրել է, որ մոտ ապագայում պատրաստ կլինի մայրաքաղաքի տրանսպորտային ցանցի նախագծումն իրականացնող խորհրդատու կազմակերպության առաջարկների փաթեթը, որի համաձայն էլ պետք է իրականացվի քաղաքային տրանսպորտի բարեփոխումների ծրագիրը: Հայկ Մարությանն ընդգծել է, որ քաղաքը բաց է՝ քննարկելու գործարար համագործակցությանը վերաբերող ցանկացած առաջարկ, որը միտված կլինի ոլորտի բարեփոխմանն ու կանոնակարգմանը և կհամապատասխանի մշակված նախագծով սահմանված պահանջներին:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկայում քննարկել հստակ առաջարկներ՝ գործնականում փորձարկելով Երևանի երթևեկությանը համապատասխանող և քաղաքին հարմար ավտոբուսներ:

Հայերեն

Արարատ Միրզոյանը կարևորել է գործընկերների հետ համագործակցությունը հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու հարցում

38 երկրի միջուկային անվտանգության կարգավորիչները զգուշացրել են Ուկրաինայում միջուկային վթարի աճող վտանգի մասին

Բուլղարիայում ԱՄՆ դեսպանատունը Եվրոպայում գտնվող ամերիկացիներին զգոնության կոչ է արել տոներին ընդառաջ

ՌԴ-ում պահնորդները պատահմամբ կանչել են Ռոսգվարդիային և հայտնվել ոստիկանությունում․ նրանց մոտ թմրանյութ է հայտնաբերվել

Դավիթ Թադևոսյանը MITRE-ում քննարկել է Հայաստանի պաշտպանական նորարարությունների զարգացման հնարավորությունները

Հունգարիան դիտարկվում է հայկական բիզնեսների համար Եվրոպա տանող դարպաս․ «Հայ-հունգարական գործարար խորհուրդ»-ը սկսեց աշխատանքները

Տարածաշրջանային հաղորդակցությունների վերագործարկումը կարող է տնտեսական օգուտներ ապահովել բոլոր երկրների համար․ Միրզոյան

Թրամփի գնահատմամբ՝ Պուտինը փոքր-ինչ մեղմացնում է դիրքորոշումն Ուկրաինայի հարցում

Դավիթ Խուդաթյանն աշխատանքային այցով Իրանում է

Մահացել է մեքսիկական «Գվադալահարա» թմրակարտելի հիմնադիր Ֆելիքս Գալյարդոն