Հասարակական

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն այցելեց բազմազավակ եւ խիստ կարիքավոր ընտանիքներին

3 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն այցելեց բազմազավակ եւ խիստ կարիքավոր ընտանիքներին

ԳԱՎԱՌ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Զոլաքար եւ Վարդենիկ համայնքներում այցելեց բազմազավակ եւ խիստ կարիքավոր երկու ընտանիքի: Զոլաքար համայնքում մարզպետն այցելեց Սամվել Հասոյանի ընտանիքին, որտեղ ծնվել ու մեծացել են ութ երեխա՝ վեց տղա եւ երկու աղջիկ:

Ինչպես ներկայացրեց Սամվել Հասոյանը՝ տղաներից երկուսն այժմ ծառայում են Հայոց բանակում, իսկ երրորդը զորակոչվելու է մի քանի օրից, 2019 թվականի ձմեռային զորակոչի ընթացքում: Վարդենիկ համայնքում մարզպետն այցելեց Արայիկ Խաչատրյանի ընտանիք, որի երեք տղաներն այս պահին ժամկետային զինծառայության մեջ են ՀՀ զինված ուժերում: Գնել Սանոսյանը քաջալերեց Սամվել Հասոյանի եւ Արայիկ Խաչատրյանի ընտանիքներին, երջանկություն ու հաջողություններ մաղթեց նրանց գալիք տարում եւ տրամադրեց դրամական աջակցություն՝ միաժամանակ վստահեցնելով, որ հայրենի կառավարության ուշադրության կենտրոնում կլինեն բազմազավակ եւ սոցիալապես անապահով ընտանիքները:

«Առաջիկայում սպասվելիք բարեփոխումների արդյունքում մեր պետությունը կթեթեւացնի բազմազավակ, սոցիալապես անապահով ընտանիքների վիճակը: Ձեզնով միշտ պետք է հպարտանալ, որ, անկախ նման կարիքավոր վիճակից, Հայոց բանակի զինվորներ եք ծնել ու սնել, եւ նման նվիրումը հայրենիքը պետք է գնահատի ըստ արժանվույն: Ձեր զավակներին ցանկանում եմ անվտանգ ծառայություն ու բարի վերադարձ, ձեր ընտանիքներին՝ երջանկություն ու անսպառ հաջողություններ գալիք 2019 թվականին ու նրան հաջորդող տարիների ընթացքում»,-իր շնորհավորանքի խոսքում նշեց մարզպետը:

Մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ –տնտեսական զարգացման վարչությունից ստացված տվյալներով՝ Գեղարքունիքի մարզպետարանը դրամական աջակցություն է ցուցաբերել մարզի ծայրահեղ կարիքավոր ու բազմազավակ եւս ութ ընտանիքի, ինչպես նաեւ՝ 2016-2018 թվականների ընթացքում հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված բոլոր զինծառայողների եւ Ապրիլյան քառօրյա մարտերում վիրավորված զինվորների ընտանիքներին: Դրամական աջակցությունը տրամադրելու նպատակով նշյալ ընտանիքներ անձամբ այցելում են Գեղարքունիքի մարզպետի տեղակալներ Անուշավան Ղազարյանը, Նարեկ Գրիգորյանը եւ Արամ Թարվերդյանը:

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում