Աննա Հակոբյանը Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի անդամներին է ներկայացրել «Կանայք հանուն խաղաղության» արշավը

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին, «Իմ քայլը» և «City of smile» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը Շվեյցարիայի Համադաշնություն այցի երկրորդ օրը՝ դեկտեմբերի 13-ին Բեռնում հանդիպել է Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի համանախագահ Դոմինիկ դե Բումանի, փոխնախագահ Մարիան Ստրեյֆ-Ֆելլերի, Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի փոխնախագահ, բարեկամության խմբի անդամ Իզաբել Մորեի, Ազգային խորհրդարանի պատգամավոր, բարեկամության խմբի անդամ Սիբել Արսլանի, Շվեյցարիա-Հայաստան բարեկամության խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանի հետ:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրինՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկինԱննա Հակոբյանի գրասենյակից, Աննա Հակոբյանին ուղեկցում էին Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Անահիտ Հարությունյանն ու «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը:

Կարևորելով հանդիպումն ու բարեկամության խմբի անդամներին անվանելով անձնական բարեկամներ, Աննա Հակոբյանն առաջին հերթին շնորհակալություն է հայտնել Շվեյցարիայի ժողովրդին պատմության դժվարագույն ժամանակներում հայ ժողովրդի կողքին կանգնելու և աջակցելու համար: «Շնորհակալությունը երբեք շատ ու ուշացած չի լինում, և ես շնորհակալություն եմ հայտնում շվեյցարացի ժողովրդին Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում ունեցած մեծ աշխատանքի, Սպիտակի երկրաշարժի ժամանակ հայ ժողովրդին ցուցաբերած հսկայական ու անմոռանալի աջակցության համար, ինչպես նաև այն օժանդակության համար, որ հայ ժողովուրդը ստացել է վերջին երեսուն տարվա ընթացքում»,-ասել է Աննա Հակոբյանը՝ հավելելով, որ հեղափոխությունից հետո Հայաստանում հաստատված նոր իրողությունները նոր դռներ են բացելու երկկողմ ավելի բարձր մակարդակի համագործակցության համար:

Աննա Հակոբյանն իր խոսքում անդրադարձել է նոր Հայաստանում կանանց դերակատարությանը՝ հավելելով, որ կանանց ներգրավվածության առումով դեռևս ահագին աշխատանք կա կատարելու:

Հանդիպման ընթացքում Աննա Հակոբյանը, հյուրերի խնդրանքով, ներկայացրել է իր նախաձեռնած «Կանայք հանուն խաղաղության» արշավը՝ շեշտելով, որ արշավի հիմնական առանցքը Ղարաբաղյան հակամարտությունն է, քանի որ եթե երկրում խաղաղություն չլինի, որևէ այլ նախաձեռնություն հնարավոր չի լինի իրականացնել: «Արշավի նպատակն այն է, որ քանի դեռ գնում են բանակցություններ հակամարտության կարգավորման ուղղությամբ, կողմերը միմյանց վրա չկրակեն, երկու ժողովուրդների զավակները չզոհվեն և պետական այրերը բանակցությունների սեղանի մոտ՝ խաղաղ պայմաններում կարգավորեն խնդիրը»,-ասել է Աննա Հակոբյանը՝ անկեղծանալով, որ Հայաստանում իր նախաձեռնությունը շատ լայն արձագանք է գտել, և նրան են միացել ինչպես Ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ զոհվածների մայրերը, այնպես էլ հասարակական-քաղաքական ակտիվ գործունեություն վարող կանայք: Աննա Հակոբյանի գնահատմամբ՝ շատ լավ կլիներ, որ արշավն արձագանք գտներ նաև միջազգային հանրության շրջանում, և որքան շատ կանայք միանան նախաձեռնությանն՝ այնքան խաղաղություն ցանկացող կանանց ձայնն ավելի լսելի կդառնա:

Անդրադառնալով «Իմ քայլը» և «City of smile» հիմնադրամների գործունեությանը, տիկին Հակոբյանը նշել է, որ հիմնադրամների նպատակն է աջակցել՝ լուծելու այն խնդիրները, որոնք ինչ-ինչ պատճառներով կառավարությունը դեռևս չի կարող լուծել: «City of smile» հիմնադրամն ունի մեկ նպատակ՝ կանխարգելել քաղցկեղը: «Հիմնադրամի առաջին նպատակն է անվճար բուժօգնություն տրամադրել մինչև 25 տարեկան քաղցկեղով հիվանդ մարդկանց: Հիմնադրամի գործունեության մի քանի ամիսների ընթացքում արդեն անվճար բուժում է ստանում 63 հոգի: Սակայն ավելի մեծ նպատակ էլ ունենք՝ Հայաստանում տարածաշրջանում քաղցկեղի դեմ պայքարի առաջին մեծ կենտրոնը ստեղծել»,- ասել է Աննա Հակոբյանը:

«Շնորհավորում եմ Ձեզ այն փայլուն հաղթանակի կապակցությամբ, որ կատարվեց գարնանը: Պետք է փաստեմ, որ այսօր առավել քան երբևէ մեր երկու երկրները մոտ են իրար: Ձեր երկրում տեղի ունեցած հեղափոխությունը կրթական ու գիտակցության բարձր մակարդակի արդյունք էր, որ խաղաղ ճանապարհով կարողացաք արձանագրել այդ փոփոխությունները»,-ասել է Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի համանախագահ Դոմինիկ դե Բումանը՝ հավելելով, որ այսօրվա հանդիպումն էլ կարող է համարվել հարաբերությունների վերածնունդ: Մարիան Ստրեյֆ-ֆելլերն էլ շեշտել է, որ իրեն հատկապես ոգևորել է հասարակության մեջ կանանց դերի բարձրացմանն ուղղված Աննա Հակոբյանի քայլերը:

«Ձեր օրինակը կարող է վարակիչ լինել և նպաստել, որպեսզի կանայք ավելի ակտիվ լինեն: Ինձ հատկապես հիացրեց «Կանայք հանուն խաղաղության» արշավը. այդ նախաձեռնության հիմքը զգացմունքներն են և այստեղ կանայք կարող են միմյանց լավ հասկանալ»,- եզրափակել է Մարիան Ստրեյֆ-ֆելլերը:

Հանդիպումից հետո տրված ճաշի ընթացքում կողմերը շարունակել են քննարկել ապագա համագործակցության ուղիները, ներկայացրել մի շարք առաջարկություններ: Ճաշին մասնակցել է Հայաստան-Շվեյցարիա առևտրային պալատի նախագահ Մայք Բարոնյանը:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում