«Մենք» դաշինքը ԱԺ անցնելուց հետո  չի պատրաստվում կոալիցիա ստեղծել մեկ այլ քաղաքական ուժի հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մենք» կուսակցությունների դաշինքը խորհրդարանում լինելու դեպքում կլինի ընդդիմադիր ուժ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Մենք» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Վահրամ Խեմչյանը:

Նա նշեց, որ քարոզարշավն ընթանում է բարիդրացիական մթնոլորտում:

Խոսելով ծրագրերի մասին՝ նա նշեց, որ իրենցը տարբերվում է մնացած բոլորի ծրագրերից նրանով, որ իրենք նշում են խնդիրները և հստակ լուծումներ առաջարկում դրանց համար:

«Մեր դաշինքի համանախագահներից մեկը՝ Խաչատուր Քոքոբելյանը, առաջարկում է իջեցնել գազի գինը առնվազն 30 տոկոսով: Մենք այդ հնարավորությունն ու մեխանիզմներն ունենք: «Մենք» դաշինքը ներկայացրել է բավականին ծավալուն և համապարփակ ծրագիր, որտեղ« բացի այն փաստից, թե ինչ ենք ուզում ստանալ, ներկայացրել ենք նաև ճանապարհը»,- ընդգծեց Խեմչյանը:

«Արմենպրես»-ի հարցին, թե արդյոք որևէ ուժի հետ պատրաստվո՞ւմ են կոալիցիա կազմել, եթե ԱԺ արտահերթ ընտրություններից հետո լինեն խորհրդարանում, պատգամավորի թեկնածուն բացառեց այդ փաստը:

«Այս պահին ես բացառում եմ այլ ուժի հետ կոալիցիա կազմելու փաստը: Իհարկե, խոսք կա՝ «Երբեք մի ասա երբեք», սակայն մեր գաղափարական ուղենիշները բացառում են որևէ կոալիցիա ստեղծել այսօրվա ընտրություններին մասնակցող ուժերի հետ: Մենք հստակ ասում ենք, որ Հայաստանն անցնցում պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից և հետզհետե պետք է փորձենք մեր բանակը համապատասխանեցնել ՆԱՏՕ-ի չափանիշներին: Մնացած ուժերը այս երկու փաստերին այլ կերպ են վերաբերում»,- ասաց «Մենք» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածուն:

«Արմենպրես»-ի մեկ այլ հարցի, թե ո՞ւմ են տեսնում որպես ընդդիմադիր ուժ ԱԺ-ում՝ Խեմչյանը պատասխանեց, որ հենց իրենց դաշինքն է տեսնում որպես ընդդիմադիր ուժ:

Հայաստանում դեկտեմբերի 9-ին տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է նոյեմբերի 26-ին և կշարունակվի մինչև դեկտեմբերի 7-ը ներառյալ:

Հայերեն