Պաշտոնական

Արմեն Սարգսյանն ընդունել է միջազգային կլոր սեղան-քննարկման կազմակերպիչներին ու մի խումբ մասնակիցների

2 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանն ընդունել է միջազգային կլոր սեղան-քննարկման կազմակերպիչներին ու մի խումբ մասնակիցների

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է նոյեմբերի 26-27-ը Երևանում անցկացվող «2018. բեկումնային տարի Հարավային Կովկասի համար» խորագրով միջազգային կլոր սեղան-քննարկման կազմակերպիչներին ու մի խումբ մասնակիցների: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, «Կովկասագետների գիտական ընկերության» և «Դիալոգ» մոսկովյան կազմակերպության նախաձեռնած գիտաժողովի նպատակն է տարածաշրջանային խնդիրների քննարկումը, առկա և հնարավոր մարտահրավերների ու սպառնալիքների գնահատումը։

Հանրապետության նախագահը կարևորել է Ռուսաստանի և Հայաստանի գիտահետազոտական ու վերլուծական կենտրոնների միջև սերտ փոխգործակցությունը, քաղաքագետ-վերլուծաբանների ու փորձագետների աշխատանքը։

Հյուրերը նախագահին են ներկայացրել միջոցառման նպատակները, նշել, որ ցանկանում են ավելի լավ հասկանալ Հայաստանում տեղի ունեցող գործընթացները՝ դրանց մասին ավելի օբյեկտիվ պատկերացում կազմելու համար։

Նախագահ Սարգսյանը երկրի համար շատ էական է համարել կայունությունն ու կանխատեսելիությունը.«Դա կարևորագույն գործոն է, և ես՝ որպես Հանրապետության նախագահ, կանեմ առավելագույնը այդ կայունությունն ապահովելու համար»,-ընդգծել է Արմեն Սարգսյանը:

Նախագահը նշել է, որ ընդհանրապես քննարկումները, վերլուծությունները հնարավորություն են տալիս գեներացնել նոր գաղափարներ՝ ուրվագծել անելիքները, հասկանալ՝ ուր ենք գնում, ինչ նպատակներ ենք հետապնդում, ինչպիսին են լինելու մեր փոխհարաբերություններն աշխարհի հետ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում