Պաշտոնական

Արմեն Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Գերմանիա

2 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Գերմանիա

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Դաշնային Հանրապետություն նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հրավերով Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, նոյեմբերի 27-ին պաշտոնական այցով կմեկնի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրի ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցի շրջանակում Հանրապետության նախագահը հանդիպումներ կունենա ԳԴՀ բարձրագույն ղեկավարության՝ կանցլեր Անգելա Մերկելի, նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի, Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ: Հանդիպումների քննարկումների առանցքում կլինեն երկու երկրների փոխգործակցության օրակարգին և հեռանկարներին վերաբերող բազմաթիվ հարցեր:

Այցի ընթացքում նախագահ Սարգսյանը կհանդիպի Հայաստանում գործունեություն ծավալող և Հայաստանի հետ համագործակցությամբ հետաքրքրված գերմանացի գործարարների հետ: Քննարկումներ կծավալվեն հայաստանյան ներդրումային և գործարար միջավայրի, հայ-գերմանական տնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունների վերաբերյալ:

Հանրապետության նախագահը կմասնակցի Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովի կողմից կազմակերպված քննարկմանը, ինչպես նաև կայցելի Գերմանիայի Կարմիր խաչի կազմակերպություն, որը հատկապես վերջին 30 տարիներին բավականին արդյունավետ գործունեություն է ծավալում Հայաստանում:

Պաշտոնական այցի շրջանակում նախագահը կայցելի Սաքսոնիա-Անհալթ երկրամաս, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը երկրամասի կառավարության ղեկավար Ռայներ Հազելոֆի հետ:

Հայաստանի նախագահի պաշտոնական այցի օրակարգը ներառում է նաև այցելություններ ԳԴՀ մի շարք գիտակրթական և գիտատեխնիկական հաստատություններ: Արմեն Սարգսյանը դասախոսություններով հանդես կգա «Բերթելսման» հիմնադրամում, Օտտո ֆոն Գուերիկեի համալսարանում:

Հանրապետության նախագահը հանրահայտ Կոնցերտհաուս Բեռլինում (Konzerthaus Berlin) ներկա կգտնվի հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 115-ամյակին նվիրված՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգին՝ անվանի ջութակահար Սերգեյ Խաչատրյանի մասնակցությամբ:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում