«Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության ներառական թատերախումբը հանդիսատեսին մատուցեց «Մերկ թագավորը» ներկայացումը
4 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության ներառական թատերախումբը արվեստասերների դատին հանձնեց «Մերկ թագավորը» հեքիաթի հիման վրա բեմադրված ներկայացումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ներկայացման առաջնախաղը տեղի ունեցավ նոյեմբերի 5-ին Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում:
«Օգտագործելով բեմը և թատերարվեստի բոլոր հնարավորությունները՝ փորձում ենք նպաստել երեխայի զարգացմանը, ինքնագնահատականի բարձրացմանը, անկախ մտածելուն և գործելուն: Երեխաները, ձեռք բերելով բեմական հմտություններ, կարողանում են փոխել հանդիսատեսի վերաբերմունքն իրենց նկատմամբ, ներշնչել այն հավատը, որ յուրաքանչյուր երեխա կարող է»,-նշեց «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Սուսաննա Թադևոսյանը:
Նա շեշտեց, որ հասարակությունն այսօր դրական վերաբերմունք ունի հաշմանդամություն ունեցող մարդկանց կրթության, աշխատելու վերաբերյալ և դրանում մի մեծ մասնաբաժին ունի նաև ներառական թատերախումբը:
Սուսաննա Թադևոսյանը հավելեց՝ թատերախումբը միշտ մասնակցում է «Նռան հատիկ» մանկապատանեկան թատերական փառատոնին, ելույթներ է ունենում Հայաստանի տարբեր բեմահարթակներում և կրթական հաստատություններում, հյուրախաղերով հանդես է եկել Թբիլիսիում, Ստամբուլում:
Ներառական թատերախմբի ղեկավար Հասմիկ Խաչերյանի խոսքով՝ ներկայացման հիմքում Անդերսենի հայտնի հեքիաթն է, բայց մշակումը Եվգենի Շվարցինն է: «Բեմադրության մեջ ընդգրկված է 12 դերակատար: Երեխաների մի մասը խնդիրներ ունի, մի մասը՝ ոչ: Նրանցից շատերն առաջին անգամ են բեմ բարձրանում»,-ասաց Խաչերյանը: Նա նշեց, որ թատերախմբի ստեղծման օրվանից դրա ղեկավարն է և ականատես է եղել սերնդափոխության, իսկ այժմ իր թոռնիկներն էլ են խաղում այդտեղ:
Ներկայացման մեջ զբաղված 15-ամյա Հովհաննեսը, ով տեսողական խնդիրներ ունի, ասաց, որ մարմնավորելու է թագավորին: Նա շեշտեց, որ կարդացել է հեքիաթն ու այն իրեն շատ է դուր եկել: Հովհաննեսը հավաստիացրեց, որ փորձերը լավ են անցում, և իրեն շատ է դուր գալիս բեմը: «Արդեն երրորդ անգամ եմ խաղում բեմում և ամեն բան ինձ ծանոթ է, բնավ անհանգիստ չեմ: Պետք է խոստովանեմ, որ չնայած թատրոնն ինձ համար կարևոր է, ես ցանկանում եմ դասական երգարվեստով զբաղվել»,-եզրափակեց նա:
Ներկայացումը բեմադրվել է «Ապրել միասին, սովորել միասին» ծրագրի շրջանակում՝ «Հույսի կամուրջ» և դանիական «Առաքելություն Արևելք» կազմակերպությունների համագործակցությամբ: Ներկայացման ֆինանսական օժանդակությունն իրականացրել է ՀՀ մշակույթի նախարարությունը:
«Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը զբաղվում է հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանությամբ: Դրա առաքելությունն է պաշտպանել նրանց արժանապատվությունը և նպաստել սոցիալական ներառմանը Հայաստանի Հանրապետությունում: Այդ գործընթացին նպաստում են կրթություն ստանալու, համայնքային ծառայությունների և ինքնուրույն ապրելու հավասար հնարավորությունների գաղափարների քարոզումը: Կազմակերպությունը գործում է 1996 թվականից: Այն ունի կենտրոններ Երևանում և Տավուշի մարզի 4 համայնքներում: 1997 թվականին հիմնադրվել է «Հույսի կամուրջ»-ի մանկական թատերախումբը: Թատերախմբի փոքրիկ դերասանների մի քանի սերունդ տարիներ շարունակ հավատ է ներշնչել հանդիսատեսին, որ ցանկացած երեխա կարող է, երբ նրան հավատում և վստահում են: