Հայաստանի և Լիբանանի միջև ռազմական համաձայնագրի ստորագրումն ակտիվ համագործակցության արդյունք է

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի և Լիբանանի միջև ինտենսիվ համագործակցությունը շոշափելի արդյունքներ է գրանցում: Նոյեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի՝ Լիբանան կատարած այցի շրջանակներում երկու երկրների միջև «Ռազմական համագործակցության մասին» համաձայնագիր է ստորագրվել: Հայաստանի և Լիբանանի պաշպանության նախարարները քննարկել են համագործակցության համատեղ ծրագրեր, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր։ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը նաև այցելել է Լիբանանում ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ խաղաղապահ առաքելությում ներգրավված հայկական դասակի տեղակայման վայր:

Հայաստանի և Լիբանանի միջև ստորագրված «Ռազմական համագործակցության մասին» համաձայնագիրն, ըստ էության, լրացնելու է գալիս 2001թ. երկու երկրների միջև կնքված «Ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրին: Ընդ որում, կարևոր է ոչ միայն վերոնշյալ համաձայնագրի ստորագրումը, այլ նաև կողմերի պատրաստակամությունը՝ ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցության հնարավորությունները վերհանելու և լիարժեք կյանքի կոչելու առումով: Այս տեսանկյունից կարևոր է Լիբանանի պաշտպանության նախարարի հայտարարությունն այն մասին, որ կողմերը մտադիր են «հանձնաժողով ստեղծել, որը կզբաղվի երկու երկրների միջև ռազմական համագործակցության ընդլայնմամբ»: Երկու երկրների պաշտպանության նախարարները նաև հույս են հայտնել, որ այս համաձայնագիրը ճանապարհ կհարթի նաև այլ ոլորտներում համագործակցության ընդլայնման համար:

Հատկանշական է, որ վերջին շրջանում Հայաստան-Լիբանան երկխոսությունը բավական ակտիվ է ընթանում: Հոկտեմբերի վերջին Բեյրութում կայացավ Հայաստանի և Լիբանանի ղեկավարների երրորդ հանդիպումը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Լիբանանի նախագահ Միշել Աունը հանդիպել էին սեպտեմբերի վերջին Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակներում և մտքեր փոխանակել Հայաստանի և Լիբանանի միջև բազմաբնույթ հարաբերությունների շուրջ: Հայ և լիբանանցի ղեկավարների հաջորդ հանդիպումը կայացել է Երևանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ժամանակ: Երկխոսությունը շարունակվել է Բեյրութում Մ. Աունի, ինչպես նաև Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Սաադ Հարիրիի և Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրիի հետ Ն. Փաշինյանի հանդիպումների շրջանակներում:

Վերոնշյալ հանդիպումների շրջանակներում երկուստեք պատրաստակամություն է հնչել երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունները և պաշտպանության բնագավառում հայ-լիբանանյան համագործակցությունը բարձրացնել քաղաքական հարաբերությունների մակարդակին: Այս տեսանկյունից ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներն առանձնահատուկ նշանակություն ունեն և բավական հեռանկարային են համարվում: Հենց այս առաջնահերթություններից ելնելով՝ ՀՀ կառավարությունը վերջերս հաստատեց Լիբանանում ՀՀ ռազմական կցորդ նշանակելու պաշտպանության նախարարության առաջարկը՝ նպատակ ունենալով նոր խթան հաղորդել պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության զարգացմանը:

Նշենք, որ Լիբանանի հետ սերտ հարաբերությունները կարևորվում են ոչ միայն երկկողմ համագործակցության, այլ նաև մերձավորարևելյան տարածաշրջանի հետ Հայաստանի հարաբերությունների տեսանկյունից: Տարածաշրջանում շարունակվող լարվածության համատեքստում համեմատաբար կայուն Լիբանանի հետ փոխգործակցության խորացումը կարևոր է ՀՀ արտաքին քաղաքականության վերձավորարևելյան վեկտորի ակտիվացման տեսանկյունից:

Լիբանանի հետ Ռազմական համաձայնագրի կնքումը հստակ ցուցիչ է, որ ներկա փուլում Մերձավոր Արևելքի հետ հարաբերություններին նոր որակ հաղորդելու համար առկա են բավական նպաստավոր պայմաններ, ինչը պայմանավորված է մերձավորարևելյան տարածաշրջանում ընթացող ներկա գործընթացներով, ինչպես նաև Հայաստանում արձանագրված ներքին զարգացումներով: Մերձավոր Արևելքի երկրներից յուրաքանչյուրի համար առանձին մոտեցման մշակման և հետևողական աշխատանքի պարագայում այս ուղղությամբ քայլերը կարող են ցանկալի արդյունքներ ապահովել:

Արփինե Հովսեփյան

Հայերեն

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ

Մոլդովայի կառավարությունը բանակցություններ է սկսում ՆԱՏՕ-ի հետ՝ գաղտնի տեղեկատվության փոխանակման վերաբերյալ․ Moldpres

Պուտինը կառավարությանը հանձնարարել է աջակցել լոգիստիկ կենտրոնների վերակառուցմանը

Օգոստոսի 20-ի միջոցառումների անոնս

Բուլղարիայի ՆԳ նախարարը հայտնել է, որ Բեզմերի ավիաբազայի անվտանգության համար ձեռնարկվել են բոլոր հնարավոր միջոցները. BTA

Եվրոպական միությունը և ՄԱԿ-ի գործընկերները մեկնարկում են Հայաստանում օդի որակի բարելավմանն ուղղված նոր նախաձեռնություն

Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան

ՊԵԿ-ը ներկայացրել է հուլիսի 1-ից 31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

ԱԺ հանձնաժողովների նախագահներ ընտրելու հարցի քննարկումներն ավարտվել են, հայտնի են քվեարկության օրն ու ժամը