Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանը վերահաստատում է, որ ռեյտինգային ընտրակարգով ևս ՔՊ-ն պատրաստ է խորհրդարանական ընտրություններին

2 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանը վերահաստատում է, որ ռեյտինգային ընտրակարգով ևս ՔՊ-ն պատրաստ է խորհրդարանական ընտրություններին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը վստահեցնում է, որ ռեյտինգային ընտրակարգը ՔՊ-ի համար ևս ընդունելի տարբերակ է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սիմոնյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում ԸՕ բարեփոխումների փաթեթի չընդունումից հետո՝ լրագրողների հետ զրույցում:

«Ընտրությունների կգնանք գործող օրենսգրքով: Եվ կտեսնենք, թե այն մարդիկ, ովքեր դեմ էին քվեարկում, կամ հիվանդ էին, կկարողանա՞ն անցնել ԱԺ: Ռեյտինգային ընտրակարգը մեզ համար ընդունելի տարբերակ է: Մենք այդ համակարգով նախորդ ընտրություններում ավելի շատ ձայն ենք հավաքել, քան ՀՅԴ-ն»,-ասաց Ալեն Սիմոնյանը:

Նա նաև նկատեց՝ եթե ընտրակաշառք բաժանելու հնարավորություն լինի, դա բաժանվելու է անկախ ռեյտինգային կամ համամասնական ընտրակարգից: Բայց իրենք Երևանի ավագանու ընտրություններով ցույց են տվել, որ այդ հնարավորությունը չկա և չի լինելու, քանի դեռ իրենք իշխանության են:

«Մենք վերջին խորհրդարանական ընտրություններին մասնակցել ենք ռեյտինգային ընտրակարգով և դարձել ենք երրորդ ուժն այն ժամանակ, երբ մեր դեմ աշխատել է ՀՀ ողջ պետական համակարգը, նաև գործարարները, ովքեր ընտրակաշառք են բաժանել»,-եզրափակեց Սիմոնյանը:

ՀՀ ազգային ժողովում երկրորդ անգամ գումարված արտահերթ նիստում Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթը կրկին չստացավ բավարար ձայներ: Բարեփոխումների փաթեթին կողմ քվեարկեց 62 պատգամավոր, դեմ՝ 2 պատգամավոր, ձեռնպահ պատգամավոր չկար: Փաթեթի ընդունման համար անհրաժեշտ էր 63 կողմ ձայն: ՀՅԴ խմբակցության երկու պատգամավորներ չէին ներկայացել նիստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում