Պաշտոնական

Մհեր Գրիգորյանն ընդունել է Վիետնամի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի Արտաքին հարաբերությունների գծով ներկայացուցչին

2 րոպեի ընթերցում

Մհեր Գրիգորյանն ընդունել է Վիետնամի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի Արտաքին հարաբերությունների գծով ներկայացուցչին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն ընդունել է Վիետնամի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի Արտաքին հարաբերությունների գծով ներկայացուցիչ Նգույեն Տուան Ֆոնգի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը ներկա էր նաև Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ռաիսա Վարդանյանը:

Մհեր Գրիգորյանը, ողջունելով հյուրերին, կարևորել է Հայաստանի և Վիետնամի միջև երկկողմ հարաբերությունների զարգացումը՝ հաշվի առնելով նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև ստորագրված ազատ առևտրի մասին համաձայնագիրը: Նա ընգծել է, որ երկու երկրների համար փոխադարձ օգտակար կլինեն անընդհատ շփումներն ու փորձի փոխանակումը մասնավորապես թվայնացման, առողջապահության, կրթության և սոցիալական հարցերին առնչվող ոլորտներում:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Նգույեն Տուան Ֆոնգը նշել է, որ չնայած աշխարհագրական հեռավորության՝ երկու երկրների միջև ձևավորվել է արդյունավետ համագործակցություն, որը կարող է լավ հիմք հանդիսանալ հարաբերությունների հետագա խորացման համար:

Զրուցակիցները երկուստեք արձանագրել են, որ անհրաժեշտ է համատեղ ջանքեր կիրառել նաև տնտեսական հարաբերություններում առկա մեծ ներուժը իրացնելու ուղղությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում