Պաշտոնական

Արմեն Սարգսյանը նախաձեռնել է խորհրդակցությունների շարք Ազգային ժողովի խմբակցությունների հետ

2 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանը նախաձեռնել է խորհրդակցությունների շարք Ազգային ժողովի խմբակցությունների հետ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկրում ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նախաձեռնել է խորհրդակցությունների շարք Ազգային ժողովի խմբակցությունների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, այսօր Հանրապետության նախագահը հանդիպել է ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ:

Նախագահ Սարգսյանը ողջունել է վերջին օրերին քաղաքական ուժերի որդեգրած բանակցային ուղին եւ կարեւորել հանդուրժողականության ու համերաշխության մթնոլորտը երկրում: Նա եւս մեկ անգամ շեշտել է, որ առկա խնդիրնեը հնարավոր է և պետք է լուծել երկխոսության ճանապարհով, Սահմանադրության և օրենքների շրջանակում՝ առաջնորդվելով պետական ու ազգային շահերով:

Վահրամ Բաղդասարյանը վերահաստատել է ՀՀԿ խմբակցության այն հայտարարությունը, որ չընդունելով հանդերձ դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ փաստարկները՝ Ազգային ժողովի Հանրապետական խմբակցությունը մտադրություն չուներ և չունի վարչապետի թեկնածու առաջադրել: Միաժամանակ նա նշել է, որ քաղաքական ուժերը պետք է պատշաճ ժամանակ ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելու համար:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում