Քաղաքականություն

Հայկ Մարությանը կարծում է, որ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրն արտացոլում է երևանցիներին մտահոգող խնդիրները

2 րոպեի ընթերցում

Հայկ Մարությանը կարծում է, որ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրն արտացոլում է երևանցիներին մտահոգող խնդիրները

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը կարծում է, որ իրենց նախընտրական ծրագիրն արտացոլում է այն խնդիրները, որոնք հուզում են երևանցիներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Նորք Մարաշ վարչական շրջանում քայլերթի ընթացքում լրագրողների հետ զրույցում Հայկ Մարությանը նշեց, որ այս օրերին շփվելով երևանցիների հետ՝ նկատել են, որ մարդկանց ամենաշատը հետաքրքրում են այն կետերը, որոնք իրենք ներառել են նախընտրական ծրագրում:

«Դե քանի որ մենք էլ այս քաղաքի բնակիչեր ենք, մենք էլ գիտենք այդ խնդիրները: Այնպես որ՝ խնդիրների առումով բոլորս համահունչ ենք: Այն խնդիրները, որոնք կան` տրանսպորտ, աղբահանություն, համատիրություններ, բնապահպանական խնդիրներ, ամեն տեղ կրկնվում են: Արդեն աշխատանքների վեկտորը գիտենք, եթե, իհարկե, ժողովուրդը իր քվեն տա մեզ, մենք արդեն գիտենք, թե որտեղից ենք սկսելու ու ուր ենք գնալու»,- ասաց Մարությանը:

Հարցին, թե ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում կրկնություններ շատ կան, ինչո՞ւ երևանցիները հենց «Իմ քայլը» դաշինքին պետք է տան իրենց ձայնը, Մարությանը պատասխանեց. «Որովհետև մեր քաղաքական ուժն ունի քաղաքական կամք, որպեսզի իրականացնի բոլոր ծրագրերը: Մենք դա անելու ենք: Եթե ժողովուրդը մեզ քվե տա, մենք անելու ենք դա, որովհետև մեզ պահող այլ բան չկա: Մենք հենց դրա համար ենք գալիս, այլ նպատակ չենք հետապնդում»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում