ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Շանթ 2018 զորավարժություն». սեպտեմբերի 11-ին ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը, ստանալով համապատասխան ազդանշանը, Աշխատակազմում իրականացրել է Պլանով նախատեսված միջոցառումները:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրային կապերի վարչությունից, ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում Աշխատակազմի ղեկավար կազմն իրազեկվել է զորավարժության շրջանակներում համապատասխան պլանով նախատեսված իրականացման ենթակա գործողությունների մասին: Ձեւավորվել են անհրաժեշտ աշխատանքային խմբերը, նշանակվել են դրանց ղեկավարներն ու սահմանվել են հատուկ գործառույթները: Անցնելով շուրջօրյա աշխատանքային ռեժիմի՝ Աշխատակազմի ղեկավարի կողմից առանձին ստորաբաժանումներին տրվել են հանձնարարություններ: Մասնավորապես,
- Աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարվել է միջազգային գործընկեր խորհրդարաններին եւ միջխորհրդարանական կազմակերպություններին տրամադրելու նպատակով արդիականացնել ադրբեջանա-արցախյան հակամարտության վերաբերյալ տեղեկատվական փաթեթը, որը կբովանդակի հայկական կողմերի հստակ դիրքորոշումը եւ հիմնավորումը, ինչպես նաեւ Ադրբեջանում հայատյացությունը որպես պետական քաղաքականություն ներկայացնող փաստերը:
- Կապ հաստատել Հետազոտական եւ տեղեկատվական միջխորհրդարանական կենտրոնի (Inter-Parliamentary Research and Information Network) հետ: Գործընկերներին տեղեկացնել զարգացող գործընթացների հետ կապված տեղեկատվություն տրամադրելու պատրաստակամության մասին:
- Ապահովել օպերատիվ քառալեզու տեղեկանքների պատրաստում՝ իրավիճակի վերաբերյալ գործընկեր խորհրդարանների համապատասխան ստորաբաժանումներին տրամադրելու նպատակով:
- Շուրջօրյա ռեժիմով իրականացնել արտաքին տեղեկատվական հարթակների մշտադիտարկում, արդյունքների վերաբերյալ տեղեկանքները ներկայացնել մեկ ժամյա պարբերականությամբ:
- Գործընկեր կազմակերպությունների մասնագետների ներգրավմամբ իրականացնել ադրբեջանալեզու կայքերի եւ սոցիալական ցանցերի մշտադիտարկում, արդյունքների վերաբերյալ տեղեկանքները ներկայացնել երկու ժամյա պարբերականությամբ, իսկ հրատապ գնահատվող տեղեկատվության պարագայում՝ անհապաղ: