Քաղաքականություն

«Երևանի հանրություն» դաշինքը հանրահավաք կանցկացնի ԿԸՀ նախագահի հրաժարականի պահանջով

2 րոպեի ընթերցում

«Երևանի հանրություն» դաշինքը հանրահավաք կանցկացնի ԿԸՀ նախագահի հրաժարականի պահանջով

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած «Երևանի հանրություն» դաշինքը ԿԸՀ նախագահի հրաժարականի պահանջով հանրահավաք կանցկացնի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` օգոստոսի 23-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում այս մասին հայտնեց դաշինքի կողմից Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրված Անահիտ Թարխանյանը: Հանրահավաքը տեղի կունենա օգոստոսի 24-ին ԿԸՀ շենքի դիմաց:

«Առաջին հերթին պահանջելու ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի հրաժարականը: Երկրում ստեղծված նոր իրավիճակում նա չի կարող շարունակել պաշտոնավարել հանձնաժողովում: Պահանջելու ենք նաև, որ Հանրապետական կուսակցությունը հրաժարվի իր քվոտաներից և մասնակցություն չունենա տարածքային ընտրական տեղամասերում»,- նշեց Թարխանյանը:

Դաշինքի անդամ Արմեն Հովհաննիսյանի խոսքով` իրենց ցուցակի առաջին 10-12-րդ տեղերում գտնվող անձինք անկուսակցական են, բայց երկու կուսակցությունների կողմից լիազորված են մասնակցել ընտրություններին:

«10-ից ավելի հասարակական կազմակերպություններ և ոչ քաղաքական կուսակցություններ երկար ժամանակ բանակցել են, գտել Երևանի զարգացման տեսլականի վերաբերյալ ընդհանուր մոտեցումներ: Բայց, ցավոք, օրենքում բաց կա, որը հնարավորություն չի տալիս Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել առանց որևէ կուսակցություն ներկայացնելու: Մենք դիմեցինք մի շարք կուսակցությունների և «Գալա»-ի ու «Կանաչների կուսակցության» կողմից լիազորվեցինք մասնակցել ընտրություններին»,- ասաց Հովհաննիսյանը:

«Երևանի հանրություն» դաշինքի ցուցակում ներկայացված են տարբեր մասնագիտությունների, սեռի և տարիքի քաղաքացիներ: Դաշինքն իր նախընտրական ծրագիրը կներկայացնի սեպտեմբերի 10-ին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում