Ռազմական ուսումնական հաստատությունների 230 շրջանավարտներ ստացան լեյտենանտի կոչում
3 րոպեի ընթերցում
![Ռազմական ուսումնական հաստատությունների 230 շրջանավարտներ ստացան լեյտենանտի կոչում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/07/941764.jpg)
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գալինա Կարապետյանը 4 տարի ռազմական ավիացիոն համալսարանում սովորելուց հետո այսօր արդեն ծառայության կմեկնի լեյտենանտի կոչումով: Այս մասին հուլիսի 25-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՀՀ ռազմաուսումնական հաստատությունների 2017-2018 թթ. ուսումնական տարվա ավարտական միջոցառման ժամանակ «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց լեյտենանտը:
«Մենք առաջին աղջիկներն ենք, որ չորս տարի սովորում ենք ու գնում ծառայության որպես դասակի հրամանատարներ: Անսովոր կլինի իմ ենթակայության տակ գտնվող տղաներին հրաման տալը, բայց ինձ թվում է` կհարմարվենք, որովհետև գիտենք, որ սպան հայոց բանակում պետք է իր դիրքն ունենա, կապ չունի` կին է, թե տղամարդ»,- նշեց Գալինան:
ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի շրջանավարտ Գալինան իր մասնագիտության ու զինվորական դառնալու հանդեպ սեր ունեցել է դեռ դպրոցական տարիքում, իսկ ծնողներն այս որոշման հետ մինչ օրս չեն համակերպվում:
«Հիմա էլ բողոքներ կան, որ պետք է գնամ տնից շատ հեռու ծառայելու, բայց դեմ չեն կանգնում իմ ընտրած մասնագիտությանը, որովհետև մտածում են, որ ավելի լավ է այն ես ընտրեմ ու դժվարությունները կարողանամ ինքս հաղթահարել»,- ասաց լեյտենանտ Կարապետյանը:
Ավարտական միջոցառմանը մասնակցելու, նորաթուխ սպաներին շնորհավորելու էր եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով լրագրողների հետ զրույցում կարևորեց հատկապես աղջիկ սպաների դերը:
«Ուզում եմ քաջալերել մեր աղջիկներին, որ իրենք բարձրագույն կրթություն ստանալու այսպիսի տարբերակի մասին մտածեն, որովհետև դա մեր ծառայության որակը ընդհանուր առմամբ կբարձրացնի»,- նշեց վարչապետ Փաշինյանը:
Վարչապետը շրջանավարտներին ուղղված խոսքում նշեց, որ լինել հայոց բանակի սպա՝ նշանակում է լինել պատասխանատու ոչ միայն զինվորների առաջ, այլև այդ զինվորների համար:
«Վաղը հայոց բանակը չի լինելու այնպիսին, ինչպիսին եղել է երեկ, որովհետև ունենալու է ձեզ: Համոզված եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը գիտակցում է, որ իր ներկայությամբ ինչ-որ բան փոխելու է բանակում, և որ հայոց բանակի ապագան կախված է ձեզանից»,- ասաց Փաշինյանը:
Լեյտենանտի կոչումը նոր ստացած Կորյուն Սահակյանը նույնպես իր մասնագիտությունը սիրելով է ընդունվել համալսարան: Ասում է, որ ծառայությանը լավ է տրամադրված:
«Եղել եմ այն զորամասերում, որտեղ մենք պետք է անցկացնենք ծառայությունը: Շատ լավ մթնոլորտ է տիրում, ծառայությունն էլ լավ կանցնի»,- նշեց լեյտենանտ Սահակյանը:
Միջոցառման ընթացքում իրենց ավարտական փաստաթղթերն ու սպայական դաշույնները ստացան ռազմական ուսումնական հաստատությունների`ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի, ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի, ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի ինտերնատուրայի230 շրջանավարտներ, ովքեր լեյտենանտի կոչումով իրենց ծառայությունը կշարունակեն հայոց բանակում: