Վրձնի հարվածով կյանք ստեղծելու արվեստը. նկարիչ Հակոբ Հակոբյանի «Նորամուտ»-ը

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նրա նկարները ակնդրին գրավում են ինքնատիպության և հետաքրքիր լուծումների շնորհիվ: Ակնառու է այն հանգամանքը, որ նկարիչը շատ է սիրում բազում ու տարբեր գույներ օգտագործել: Նյու Յորքում բնակվող Հակոբ Հակոբյանը վերջերս նկարեց հանրահայտ ամերիկյան դերասանուհի, հաղորդավար Օփրա Ուինֆրիի ինքնատիպ դիմանկարը՝ մեծ հետաքրքրություն առաջացնելով: «Արմենպրես»-ի հեղինակային «Նորամուտ» նախագծի հերոսը ծնվել է Էջմիածնում: 6 տարեկանից նկարում է: Մեզ հետ զրույցում նկարիչ Հակոբ Հակոբյանը պատմում է նույնպես նկարիչ հոր, արվեստի նկատմամբ մեծ սիրո, Նյու Յորքում բնակվելու ու իր անհատական ցուցահանդեսների մասին:

Ներկի հոտն ու հայրիկի արվեստանոցը

Նկարում եմ շատ վաղուց՝ 6 տարեկանից: Մանկուց հիշում եմ հայրիկիս արվեստանոցը, այնտեղ եղած ներկի հոտն ու շատ գունագեղ կտավները: Հայրս՝ ճանաչված և հաջողակ նկարիչ Քաջիկ Հակոբյանը, եղել է իմ առաջին ուսուցիչը: Նա ինձ սովորեցրել է՝ ինչպես ապրել արվեստով: Ամեն օր եղել եմ իր արվեստանոցում և մինչև այսօր հիշում եմ նրա խորհուրդներն ու խրատները: Ցավոք, նա արդեն մեզ հետ չէ:

Հայաստանից՝ ԱՄՆ

2007 թ. ավարտելով Երևանի գեղարվեստի պետական ակադեմիան՝ տեղափոխվել եմ Նյու Յորք: Իմ սիրելի Հայաստանում թողել եմ մի ամբողջ կյանք, ընկերներ, կարիերա: 2007-ին տեղի էր ունեցել իմ առաջին անհատական ցուցահանդեսը Երևանում: Դրանից հետո տեղափոխվեցի Նյու Յորք, բայց առաջին իսկ օրվանից շատ եմ կարոտում Հայաստանը:

Արդեն 10 տարի ապրում եմ Նյու Յորքում: Սկզբնական շրջանում շատ դժվար էր, հույսերս ու երազներս կապված էին Հայաստանի հետ: Մինչև հիմա կարոտում եմ Հայաստանը: Կար մի ժամանակ, որ, իրոք, շատ դժվար էր շարունակել ստեղծագործել նոր միջավայրում, բայց ժամանակները փոխվեցին...

Նկարչի օրը

Մանկուց արվեստը շատ կարևոր տեղ է զբաղեցրել իմ կյանքում, միշտ տեսել ու զգացել եմ իմ շրջապատում առկա գեղեցկությունը, գույների միջոցով արտահայտել եմ իմ զգացմունքները: Հիմա արդեն հասուն տարիքում առանց նկարելու ինքս ինձ չեմ պատկերացնում, անգամ չեմ ուզում մտածել, որ կարող է մի օր արթնանամ ու չցանկանամ նկարել:

Առավոտյան տնից դուրս գալուց շտապում եմ իմ նյույորքյան արվեստանոցը: Մտքերով միշտ դեռ կիսատ գործերիս հետ եմ: Ուզում եմ շուտ հասնել ու շարունակել կյանք տալ անավարտ նկարներիս:

Այս տարիներին Նյու Յորքում ունեցել եմ մի քանի անհատական ցուցահանդես, մասնակցել եմ նաև խմբակային ցուցահանդեսներ: Իմ գործերը ցուցադրվել են ամերիկյան մի շարք նահանգներում: Վերջերս էլ իմ անհատական ցուցահանդեսը տեղի ունեցավ Մայամիում, որը կրում էր «Երկու սերունդների հիշողություններ» խորագիրը:

Ստեղծագործական դժվարություններ

Ստեղծագործելիս միշտ էլ դժվարություններ եմ ունենում: Յուրաքանչյուր նկար ինձ համար շատ կարևոր է: Ստեղծագործում եմ հաճույքով: Ամենակարևորը՝ անում եմ այն, ինչ ես եմ ուզում, ինչ ներսից ինձ իմ հոգին է թելադրում:

Օփրա Ուինֆրիի ինքնատիպ դիմանկարը

Իմ վերջին ամենածավալուն նկարներից է Օփրա Ուինֆրիի դիմանկարը՝ շրջապատված գունագեղ թիթեռնիկներով: Նկարն արդեն վերջացրել եմ, և պատրաստվում եմ ցուցադրել իմ անհատական ցուցահանդեսին:

Ես, իրոք, շատ հպարտ եմ, որ իմ կյանքում հնարավորություն եմ ունեցել նկարելու նման մարդու, ով մեծ կարևորություն ունի ԱՄՆ-ի և աշխարհի մեծ մասի համար: Դիմանկարը նկարել եմ ամիսներ շարունակ: Ոգեշնչվել եմ նրա բարությամբ, գեղեցկությամբ, գործունեությամբ: Նա հզոր բնավորության տեր, խելացի անձնավորություն է, մշտապես օգնության ձեռք է մեկնում մարդկանց: Օփրայի նկարը դեռ ինձ մոտ է, շուտով կորոշվի նկարի ճակատագիրը: Սկզբնական շրջանում կշրջի ինձ հետ տարբեր ցուցահանդեսներում, հետո կդառնա Օփրա Ուինֆրիի արվեստի հավաքածուի մի մասը:

Երկու կտավի պատմություն

Կյանքը լի է վառ ու մուգ գույներով, խորը և տպավորիչ ժամանակաշրջաններով, որոնք ես ներկայացնում եմ իմ աշխատանքներում: «Կյանքի արտացոլանք» կտավը ներկայացնում է իմ անցյալի ու ներկայի կյանքի զգացողությունները:

«Ծնունդ» կտավն էլ իմ ամենամեծ աշխատանքներից է, այն վերջերս եմ ստեղծել: Մայրանալու, ծննդյան և նոր կյանքի մասին է: Շատ կցանկանայի, որ այն ներկայացվեր հանրային վայրերում կամ հիվանդանոցներում: Բոլոր մայրերը ոգեշնչված կլինեն՝ տեսնելով այս գործը մինչև ծննդաբերությունը: Կարծում եմ՝ ծննդաբերությունը կյանքի ամենագեղեցիկ, առեղծվածային երևույթն է: Այս աշխատանքը ստեղծելու համար բավականին ժամանակ է պահանջվել:

Lofty արվեստի դպրոցի ու ցուցասրահի մասին

Lofty արվեստի դպրոցն ու ցուցասրահը հիմնադրել եմ 2011 թ. իմ համեստ միջոցներով, բայց տարիների ընթացքում այն հաջողությունների է հասել: Հիմա արդեն այստեղ հաճախում են տարբեր տարիքի աշակերտներ: Հաճելի ու յուրահատուկ զգացողություն է, երբ կարողանում եմ սովորեցնել նկարչություն և արվեստ տարբեր ազգերի ուսանողներին՝ փորձելով ինչ-որ չափով միաժամանակ նրանց պատմել հայ արվեստի մասին, ներկայացնելով մեր երկիրը:

Միաժամանակ ունենում ենք տարբեր անհատական ու խմբակային ցուցահանդեսներ՝ ներկայացնելով ուսանողների աշխատանքները: Վստահ եմ՝ հաջողությունն առջևում է:

Սեփական արվեստի մասին

Իմ ամբողջ արվեստն իմ անցյալի կյանքի ու ապագա երազանքների մասին է: Ես նկարում եմ իմ երազանքները, ներկայացնում այն կյանքը, որ ունեմ, երջանկությունը, գոյատևման ակնթարթները: Իմ արվեստի բոլոր գույներն իմ հոգուց են բխում: Իմ աշխատանքներում ես զգացմունքներ ու սեր եմ ներդնում, ինչպես նաև՝ հիշողություններ իմ անցյալից: Արվեստն իմ կյանքն է ….

Հիմա մեծ ոգեշնչմամբ պատրաստվում եմ իմ այս տարվա նոր ցուցահանդեսիս, որը կբացվի Մայամիում նոյեմբերին:

Նախագծիհեղինակ՝ՌոզաԳրիգորյան

Լուսանկարները տրամադրել է Հակոբ Հակոբյանը

Հայերեն

Նոր Սահմանադրության ընդունմամբ որևէ մեկը չի չեղարկում Անկախության հռչակագիրը․ Արթուր Հովհաննիսյան

Մեկնարկել է Հայաստան-Կիպրոս խաղի տոմսերի վաճառքը

Այն կարգավորումները, որոնք արտահայտված են ԹՐԻՓՓ համաձայնագրում, չեն կարող կիրառվել Ադրբեջանում․ Արթուր Հովհաննիսյան

Հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը 2027 թվականին կբարելավվի 0.6 տոկոսային կետով. ՀՀ ֆինանսների նախարար

«Զվարթնոց» օդանավակայանում ժամանակավորապես ցերեկային ժամերին թռիչքներ չեն իրականացվի

Քայլ-քայլ Հայաստանի պետական սահմանների ամբողջ վերահսկողությունը պատվիրակելու ենք մեր սահմանապահ ծառայությանը. Փաշինյան

Չինաստանն ու Օմանը համագործակցության փաստաթղթեր են ստորագրել մի շարք ոլորտներում

Երևանում խաչմերուկների մոտ կավելացվեն կայանման արգելված գոտիները

«Ուժեղ Հայաստան»-ը ԹՐԻՓՓ-ի իրականացման համար մեկից ավելի երաշխավորների անհրաժեշտություն է տեսնում

ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցում տեղադրված ականների վրա երկու լցանավի պայթելու մասին