Պաշտոնական

Տիգրան Ավինյանը ՄԹ դեսպանին է ներկայացրել ՀՀ կառավարության ծրագրային գերակա ուղղությունները

2 րոպեի ընթերցում

Տիգրան Ավինյանը ՄԹ դեսպանին է ներկայացրել ՀՀ կառավարության ծրագրային գերակա ուղղությունները

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հունիսի 20-ին հանդիպել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նորին Գերազանցություն տիկին Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետի գրասենյակից:

Փոխվարչապետը դեսպանին է ներկայացրել ՀՀ կառավարության ծրագրային գերակա ուղղությունները: Դեսպանը հայտնել է, որ ցանկանում են նոր կառավարության հետ ընդլայնել համագործակցության գործող ձևաչափը և առաջարկել է բրիտանական կառավարության օժանդակությունը՝ ՀՀ կառավարության ծրագրային դրույթներով սահմանված գերակա ոլորտներում:

Մասնավորապես, դեսպանը նշել է, որ Միացյալ Թագավորությունը պատրաստ է ցուցաբերել գործարար միջավայրի բարելավմանն ուղղված աջակցություն՝ բիզնես-խորհրդատվության ձևաչափով, ՏՏ և ինժեներական ոլորտին հասցեական աջակցություն, զբոսաշրջության խթանման գործընթացում աջակցություն, ընտրական գործընթացին՝ մասնավորապես ժողովրդավարության սկզբունքների ամրապնդմանն աջակցություն, օրենսդրության կատարելագործմանն ուղղված տեխնիկական աջակցություն:

Փոխվարչապետն ընդգծել է, որ նոր կառավարությունը միտված է բարելավել գործող հարկային օրենսգիրքը և, առհասարակ, օրենսդրական դաշտում, ներդրումների ներգրավմանը խոչընդոտող մենաշնորհների և կոռուպցիոն դրսևորումների վերացմամբ կառավարությունը նպատակադրել է ձևավորել կանխատեսելի ներդրումային միջավայր:

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են ակտիվ երկխոսության միջոցով վերհանել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերը և նոր կառավարության գերակայությունների հաշվի առնմամբ՝ ապահովել հետագա շարունակական համագործակցություն:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում