Սուրեն Պապիկյանն  Արխանգելսկի մարզի նահանգապետի հետ քննարկել է երկկողմ համագործակցության խորացմանն ուղղված  հարցեր

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն հունիսի 20-ին հյուրընկալել է ՌԴ Արխանգելսկի մարզի նահանգապետ Իգոր Օռլովի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ջերմորեն ողջունելով հյուրերին՝ նախարար Պապիկյանն ընդգծել է, որ հայ-ռուսական հարաբերությունների 100-ամյակների պատմությունը համագործակցության նոր որակի և հեռանկարների հնարավորություն է ստեղծում։ «Հայաստանն այսօր նոր որակի հարաբերություններ հաստատելու հնարավորություն է ստացել, և մեր գործընկերային-դաշնակցային հարաբերությունները պետք է ամրապնդվեն ու խորանան, ինչը բխում է թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի շահերից»,-ասել նախարարը։

Իգոր Օռլովը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և նշել, որ Վայոց ձորի և Արխանգելսկի մարզերի միջև փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված երկարամյա, ջերմ և ընկերական հարաբերությունները նմանօրինակ հանդիպումներից հետո զարգացման նոր ձևաչափեր, ծրագրեր և լուծումներ են ստանում։ Իգոր Օռլովը հայտնել է, որ վերջին հինգ տարիներին երկու մարզերի միջև առևտրաշրջանառության ծավալներն աճել են մոտ հինգ անգամ և լրացրել, որ «Արխանգելսկ և Վայոց ձոր մարզերի համագործակցության միություն» ոչ առևտրային կազմակերպությունը հնարավորություն է ստեղծում հայկական սփյուռքի գործուն ներգրավվածությամբ բացահայտել գործարար և առևտրային կապերի զարգացման համար հեռանկարային նոր հնարավորություններ։

Սուրեն Պապիկյանը վստահեցրել է, որ Հայաստանի նոր կառավարությունը կգործադրի հնարավոր բոլոր ջանքերը հայ-ռուսական հարաբերությունների սերտացման և առկա ներուժի լիարժեք ու ամբողջական դրսևորման համար։ Կարևորելով զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնումը՝ նախարարը միաժամանակ տեսակետ է հայտնել, որ ռուս զբոսաշրջիկների համար Հայաստանը դեռևս ամբողջությամբ բացահայտված չէ, և այս հարցում հայկական համայնքը պետք է համակարգված և ակտիվ աշխատանք կատարի։

Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են մշակույթի, տնտեսության, զբոսաշրջության, ավիացիոն հաղորդակցության պարզեցման ոլորտներում համագործակցության խորացմանն ուղղված մի շարք հարցեր և համոզմունք հայտնել, որ երկու երկրների միջև փոխգործակցությունն ունի դեռևս չբացահայտված հնարավորությունների շերտեր, որոնք անհրաժեշտ է կյանքի կոչել։

Հայերեն

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ

Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի և ԱԱԾ 4 աշխատակիցների նկատմամբ

Մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հայաստանի թենիսի կանանց ընտրանին կմասնակցի Սան Մարինոյի միջազգային մրցաշարին

Ղազախստանի դեմ խաղում մեզ համար արդյունքն առաջնահերթ չէ. Եղիշե Մելիքյան