Դավիթ Հովհաննեսի «Ութը տող (Փոքր Կտակարան)» գիրքը հանձնվեց ընթերցողի դատին

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բանաստեղծ, թարգմանիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Հովհաննեսի «Ութը տող (Փոքր Կտակարան)» գիրքը ներկայացնում է վերջին քսան տարում Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակագրությունը:

Գրքի շնորհանդեսը և «Ես դեռ ապրում եմ: Եվ դեռ` շարունակվում…» խորագրով հուշ երեկոն տեղի ունեցան հունիսի 12-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում գրողի կինը՝ Համասփյուռ Մանուկյանը նշեց, որ Դավիթ Հովհաննեսին քաջություն պետք չէր կյանքի իրողությունների մասին գրելու համար: «Գուցե գրքում դրականը քիչ է, բայց իրական կյանքն է»,-փաստեց նա:

Ինչպես հեղինակն է գրել. «Ութատողերն ընդգրկում են համահայկական միայն և զուտ համահայկական իրականության ողջ տիեզերքը իր հոգևորով և նյութականով, քաղաքականությամբ և բարոյականությամբ, կենցաղով ու բարքերով, այո՛, նաև ողբերգությամբ, որի միջից տեղ-տեղ իրենց կանաչ, կարմիր գլխիկներն են բարձրացնում հայու հավերժական հույսի ծիլերը»:

Շարքն առանձնանում է նաև հեղինակին բնորոշ հարուստ լեզվական, բառապաշարային վառ խայտաբղետությամբ և, ինչպես գրողն է ասում, լեզուն և մետաֆորը տիպիկ հեղինակային են՝ կոշտ և անակնկալ, դիպուկ և ճշգրիտ, տոհմիկ մեր ոսկեղենիկի նոր այլազան դրսևորումներից մինչև առօրյա քաղաքային, ժարգոնային և նույնիսկ բարբառային խոսվածք:

Գրաքննադատ Սուրեն Աբրահամյանն ընդգծեց, որ գիրքը մեր գրականության վերջին չորս տասնամյակի մի ամբողջ գրապատմական ընթացքի ամբողջություն է: «Նա նկարագրում է Հայոց աշխարհի վերելքներն ու անկումներն այս հանգրվանում, բայց Դավիթ Հովհաննեսի գրականության ակունքները սկիզբ են առնում մեր դարավոր պոեզիայից: Որքան նա մոտենում էր Չարենցին, այնքան զտվում էր, և նրա անհատականությունն ավելի համակարգված և ամբողջական էր դրսևորվում»,-ասաց նա:

Գրականագետ, գրաքննադատ Դավիթ Գասպարյանի խոսքով՝ Դավիթ Հովհաննեսն անհատականություն էր, ուներ իր ոճը, լեզուն, կեցվածքը, նկարագիրը, և այդ ամենն արտահայտվում էր թե՛ իրական կյանքում, թե՛ գեղարվեստական ստեղծագործության մեջ: «Հատկապես կարևորում եմ նրա տեղն ու դերը մեր անցած ժամանակի զազրելի բարքերը՝ բարոյական անկում, քաղաքական երկերեսանիություն, տնտեսական փլուզում, ներկայացնելու մեջ: Նրա գեղարվեստական խոսքում վառ արտահայտված է իրականության ձայնը. գրողի դերը հենց դրանում է»,-շեշտեց գրականագետը:

Դավիթ Հովհաննեսը ծնվել է 1945 թվականին Երևանում: Ավարտել էԿրուպսկայայի անվան միջնակարգ դպրոցը, այնուհետև` ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է Հայաստանի պարբերական մամուլում,«Հայֆիլմ» կինոստուդիայում, անտիկ և արտասահմանյան գրականության պատմություն է դասախոսել Հայաստանի մի շարք բուհերում։ 1980-1990 թվականներին հայկական հեռուստատեսության առաջին ալիքով (ընդ որում՝ հիմնականում ուղիղ եթերով) վարել է«Նորք» ամենամսյա գրական հանդեսը։ 2006-2008 թվականներին Հ1 հանրային հեռուստատեսությունում վարել է «Կես ժամ Դավիթ Հովհաննեսի հետ» շաբաթական հաղորդաշարը։

Եղել է «Արևիկ» հրատարակչության տնօրենների խորհրդի նախագահը:

Գրել սկսել է վաղ պատանեկան տարիքից, 1965 թվականից տպագրվել է։ Հեղինակել է շուրջ 25 բանաստեղծական, մանկական և թարգմանական ժողովածուներ, հրապարակախոսական և քննադատական հոդվածներ, էսսեներ: Հայտնի են «Մեզանից հետո ուժեղ ու հաղթանդամ», «Քաղաքային ձմեռ», «Հավերժական հայը» և այլ բանաստեղծությունները։

Թարգմանել է աֆրո-ասիական, մերձբալթյան, ռուս, ուկրաինացի, ամերիկյան դասական բանաստեղծներից։ Ռուսերենով և անգլերենով թարգմանաբար լույս են տեսել նրա բանաստեղծական երեք ժողովածուները, ծավալուն շարքերով մշտապես ներկայացվել է հայ պոեզիայի օտարալեզու անթոլոգիաներում:

Հայերեն

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին

Հոկտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվեն գույքեր ու դրամական միջոց

Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից

Դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը․ Միրզոյանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր հակասությունների մասին

Պետք է պահպանենք մեր խաղային դեմքն ու ձեռագիրը. Տուլիպան` «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղի մասին

Մոսկվայի և Պեկինի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Պուտինն ընդունել է Չինաստանի վարչապետին

ԹՐԻՓՓ-ով զենք-զինամթերք չի կարող անցնել․ Միրզոյանը խոսել է այդ հարցում Ադրբեջանի հետ առկա ըմբռնման մասին

Ռուսական կողմն «արդյունավետ» և «բովանդակալից» է գնահատել Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը