Ինձ համար «Ելք կա»-ն լավ բանաձև է. Արամ Սարգսյան

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը Հայաստանում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Ելք» դաշինքի անդամ քաղաքական ուժերի մասնակցության ձևաչափի բոլոր հնարավոր տարբերակները քննարկման առարկա է համարում: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նա չբացառեց, որ առաջիկա ընտրություններին «Ելք»-ի անդամ քաղաքական ուժերը կմասնակցեն դաշինքով, սակայն չբացառեց նաև, որ դաշինքի անդամ ուժերն ընտրություններին կմասնակցեն առանձին-առանձին: «Չեմ բացառում հին դաշինքով գնալը, հին ստորագրված փաստաթղթում եղած կետերն առաջ տանելը, չեմ բացառում նաև առանձին գնալը, որովհետև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մինչև նախորդ ընտրություններ և այսօր՝ համաժողովրդական իշխանափոխությունից հետո, բացարձակ այլ կարգավիճակ ունի: Կուսակցություններն իրենց ներսում պետք է քննարկեն իրենց կարգավիճակը և ըստ այդմ շարժվեն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Սարգսյանը:

Հարցին, թե արտահերթ ընտրություններին մասնակցելու ձևաչափի վերաբերյալ քննարկումները սկսվե՞լ են, Արամ Սարգսյանը պատասխանեց. «Որոշակի քննարկումներ ինչ-որ առումով կան: Մենք երբեք որևէ միավորումում կամ դաշինքում չենք եղել աղքատ բարեկամի կարգավիճակում և, համոզված եմ, առաջիկայում էլ նման կարգավիճակում չենք լինի, սակայն դա բացարձակապես չի նշանակում, թե այն գործընկերությունը, որը եղել է «Ելք» դաշինքում, մեզ չի բավարարել: Ես համարում եմ, որ այնտեղ, ինչ ունենք այսօր, «Ելք» դաշինքի դերը բավականին մեծ է: Թե խորհրդարանական գործունեության, թե արտախորհրդարանական գործունեության առումով այս գործընթացն արդյունքներ տվել է: Կշարունակվի՞ այն, թե՞ առանձին կգնանք, դա չի նշանակի, թե գործընթացում ներառված ուժերը հակադիր կողմերում կլինեն»,- ասաց պատգամավորը:

Անդրադառնալով «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի հայտարարությանը, թե «Ելք» դաշինքի անդամ քաղաքական ուժերից որևէ մեկը չի կարող հաղթանակի հասնել, եթե ընտրություններին առանձին-առանձին մասնակցեն, Արամ Սարգսյանն ասաց, թե ինքը նման կանխագուշակումներ չէր անի: «Նայած հաղթել ասելով՝ պարոն Գորգիսյանը ինչ նկատի ունի: Մարդ կա հաղթանակ է համարում 99,9 տոկոս ձայն հավաքելը, մարդ էլ կա հաղթանակ է համարում 45 տոկոս ձայն հավաքելը: Ես մշտապես համարել եմ, որ եթե հայ հանրության 45 կամ ավելի տոկոսը իմ մոտեցումներին դեմ չէ, ես ինչ-որ լղոզված տեսակետներ եմ ասում, որ բոլորի համար ընկալելի լինի: Բոլորի համար ընդունելի պետք է լինի, օրինակ, Սերժ Թանկյանը, որովհետև նա իր գործի վարպետ է, բոլորի համար ընդունելի պետք է լինեն կինոդերասանները, երգիչները, իսկ քաղաքական գործիչները պետք է ունենան համախոհների բանակ և հակադիր բանակ: Այս առումով մեր երկրում ընդունված է եղել, որ հաղթում է միասնականությունը, իսկ ես միշտ համարել եմ, որ միասնականությունը ժողովրդի մեջ է: Մեզ միշտ ասում էին, թե քանի դեռ ընդդիմությունը չի միավորվել, իշխանափոխություն չի կարող տեղի ունենալ, բայց Նիկոլ Փաշինյանն ապացուցեց, որ դա հնարավոր է և միայն ինքը իր թիմով իշխանափոխություն արեց: Այստեղ խնդիրը ճիշտ բանաձևը գտնելն ու ժողովրդին համախմբելն է»,- ընդգծեց պատգամավորը:

Այդ ամենը հաշվի առնելով՝ Նիկոլ Փաշինյանը միայնակ կգնա՞ ընտրությունների. Արամ Սարգսյանը խորհուրդ տվեց այս հարցն ուղղել «Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը: «Կուսակցությունն ունի վարչություն, որտեղ քաղաքական ճանապարհ անցած մարդիկ են, և իրենք պետք է նստեն որոշեն, թե որ ճանապարհն է իրենց համար նախընտրելի: Նույն խնդիրն ունեն նաև «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները: Ես համարում եմ, որ մեր համագործակցությունն արդյունավետ է, ես համարում եմ, որ «Ելք կա»-ն լավ բանաձև է, և ինձ համար «Ելք կա»-ն ավելի տարողունակ է լինելու, քան ինչ-որ մեկին կամ ինչ-որ բան մերժելը»,- եզրափակեց Սարգսյանը:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում