ՀՀ ԱԳ փոխնախարարը բացառում է փոփոխությունը Հայաստանի արտաքին քաղաքական ուղղություններում
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին քաղաքական ուղղություններում վեկտորների փոփոխություն տեղի չի ունենալու: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հունիսի 8-ին կառավարության նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը:
«Հայաստանի արտաքին հարաբերություններում ՀՀ պետական շահը լինելու է առաջնահերթություն: Հայաստանի արտաքին քաղաքական ուղղություններում շեշտակի փոփոխություններ տեղի չեն ունենա, սակայն դա չի նշանակում, որ չկան խնդիրներ և որ դրանք չպետք է լուծվեն»,-ասաց նա:
Անդրադառնալով արցախյան հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունների հետ կապված առաջիկա քայլերին՝ փոխարտգործնախարարը տեղեկացրեց, որ առայժմ նման պայմանավորվածություն չկա: «Առաջիկայում Երևան են ժամանելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, և այդտեղից էլ կհասկանանք, ինչ ուղղությամբ ենք գնալու»,-հավելեց Ռուբինյանը:
Լրագրողի հարցին, թե արդյոք բավարար է համարում փորձը փոխարտգործնախարարի պաշտոնը զբաղեցնելու համար՝ Ռուբինյանն ասաց. «Այո»:
Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հունիսի 13-ին կլինեն Հայաստանում:
Ռուբեն Ռուբինյանը մայիսի 29-ին նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում: 28-ամյա փոխնախարարը նախկինում զբաղվել է գիտական գործունեությամբ, 2016 թվականին նշանակվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակի պաշտոնում: