Հասարակական

Սուրեն Պապիկյանն ընդունել է «Սեյվ դը չիլդրն» հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին

3 րոպեի ընթերցում

Սուրեն Պապիկյանն ընդունել է «Սեյվ դը չիլդրն» հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը մայիսի 30-ին ընդունել է «Սեյվ դը չիլդրն» հայաստանյան ներկայացուցչության գրասենյակի ղեկավար Աստղիկ Մովսիսյանին և շահերի պաշտպանության փորձագետ Լիլիթ Չիտչյանին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ողջունելով ներկաներին` նախարար Պապիկյանը շնորհակալություն է հայտնել «Սեյվ դը չիլդրն» կազմակերպությանը դեռևս 1993 թվականից սկսած և ծավալած գործունեության համար և հույս հայտնել, որ առկա համագործակցության ներուժը հնարավորություն կտա մշակել և կյանքի կոչել նորանոր ծրագրեր։ Նախարարը նաև կարևորել է ընթացքի մեջ գտնվող նախադպրոցական կրթության հասանելիության և նախադպրոցական հաստատությունների աղետների ռիսկի կառավարման ծրագրերի դերն ու նշանակությունը և նշել, որ այդ ծրագրերի օգնությամբ մենք դանդաղ, բայց հաստատուն քայլերով գնում ենք առկա խնդիրների հաղթահարման ուղղությամբ։

Իր հերթին «Սեյվ դը չիլդրն» հայաստանյան ներկայացուցչության գրասենյակի ղեկավար Աստղիկ Մովսիսյանը շնորհավորելով Սուրեն Պապիկյանին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` ներկայացրել է նախադպրոցական կրթության հասանելիության ծրագրի շրջանակում մշակված վաղ մանկության զարգացման և կրթության կազմակերպման այլընտրանքային մոդելների վերլուծությունն ու ֆինանսական հաշվարկը, ինչը հնարավորություն կտա նախադպրոցական կրթությունը հասանելի դարձնել բոլոր համայնքների երեխաների համար։ Աստղիկ Մովսիսյանն անդրադարձել է նաև նախադպրոցական հաստատությունների աղետների ռիսկի կառավարման ծրագրի իրականացման գործընթացում ի հայտ եկած խնդիրներին և դրանց լուծման հնարավոր ուղղություններին, մանկատների բեռնաթափման հիմնախնդիրներին, ինչպես նաև 2018 թ. կազմակերպության կողմից նախաձեռնված «ԵՄ-ն հանուն երիտասարդների» ծրագրին։

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել խորհրդակցել գործընկեր պետական կառավարման մարմինների հետ և բոլոր ջանքերը ներդնել կազմակերպության նախաձեռնած ծրագրերի արդյունավետ իրականացման և նոր ծրագրերի կյանքի կոչման ուղղությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում