«Զարթոնք»-ի գլխավոր խմբագիրը բարձր է գնահատում Հայաստանի ներքաղաքական դեպքերի առարկայական լուսաբանումը սփյուռքի լրատվամիջոցներում
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեյրութում գործող «Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը բարձր է գնահատում Հայաստանի ներքաղաքական վերջին զարգացումների առարկայական լուսաբանումը սփյուռքի հայկական լրատվամիջոցների կողմից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հակոբյանը նման կարծիք հայտնեց Հայաստանում անցկացվող Լրատվամիջոցների 9-րդ համաժողովին լրագրողների հետ զրույցում:
«Բեյրութի և առհասարակ սփյուռքի հայկական լրատվամիջոցները հայտնեցին Հայաստանի վերջին իրադարձությունները՝ մտահոգ և հետաքրքրված: Ամեն ինչ ներկայացվեց առարկայական: «Զարթոնք»-ը «Արմենպրես» լրատվական գործակալության գործընկերն է: Եվ, հետևաբար, այդ օրերի լուրերի համար ևս միշտ օգտվում էինք «Արմենպրես»-ից: Առարկայական լուսաբանումը սփյուռքում շատ կարևոր էր, քանի որ սփյուռքն ապրում է հայրենիքով, հայրենիքի իրադարձություններով»,-ասաց Հակոբյանն ու հավելեց, թե շատ կարևոր էր, որ սփյուռքում լուսաբանումը լիներ ճիշտ աղբյուրից:
Նրա կարծիքով՝ Ֆեյսբուք սոցիալական ցանցը մարդկանց իրազեկելու առումով ևս մեծ դեր ունեցավ, սակայն առավել կարևոր էր առարկայական լուսաբանումը:
«Մեզ համար ուրախություն էր, որ ներքաղաքական զարգացումներն ավարտվեցին հայ ժողովրդին վայել կերպով, այսինքն՝ առանց արյունահեղության: Դրա համար պարտական ենք երկու կողմին՝ թե նախկին և թե ներկայիս իշխանությանը: Սփյուռքի համար ամենակարևորը հայրենիքի կայունությունն է»,-եզրափակեց «Զարթոնք»-ի գլխավոր խմբագիրը:
«Զարթոնք»-ը ազգային-քաղաքական, հասարակական և գրական օրաթերթ է: Հիմնադրվել է 1937 թ. սեպտեմբերին Բեյրութում: