Տարածաշրջանային

Նիդեռլանդները ցանկանում է օրենքով արգելել երկրում թուրք քաղաքական գործիչների նախընտրական արշավները

2 րոպեի ընթերցում

Նիդեռլանդները ցանկանում է օրենքով արգելել երկրում թուրք քաղաքական գործիչների նախընտրական արշավները

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի ղեկավարած «Հանուն ազատության և ժողովրդավարության» ժողովրդական կուսակցությունը (VVD) ցանկանում է օրենքով արգելել երկրում թուրք քաղաքական գործիչների կողմից նախընտրական քարոզարշավի անցկացումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական T24 գործակալությունը:

Թուրքիայում հունիսի 24-ին արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին որոշման հրապարակումից հետո Նիդեռլանդները, Գերմանիան և Ավստրիան հայտարարել էին, որ իրենց տարածքում թույլ չեն տալու այդ թեմայով որևէ հանրահավաքի անցկացում:

Մարկ Ռյուտեի ղեկավարած կուսակցությունը սկսել է նախաձեռնություն հնարավոր քարոզարշավը պաշտոնապես Նիդերլանդներում արգելելու նպատակով:

Կուսակցության պատգամավոր Բենտե Բեքերը նշել է, որ Նիդեռլանդներում քարոզարշավ անել ցանկացող թուրք քաղաքական գործիչները տեղի հասարակության շրջանում անհանգստություն են առաջացնում: Բացի այդ, նա ընդգծել է, որ Թուրքիայում նախընտրական շրջանի լարվածությունն ու հնարավոր բախումներն այդպիսով տեղափոխվում են Նիդերլանդներ, ուստի անհրաժեշտ է իրավական առումով կարգավորել հարցը:

Ակնկալվում է, որ մյուս կուսակցությունները աջակցելու են VVD-ի առաջարկին՝ արգելելու երկրում թուրք գործիչների նախընտրական քարոզարշավը:

Թուրքիայում հունիսի 24-ին տեղի կունենան արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ: Ընտրություններից հետո երկրում կառավարման խորհրդարանական համակարգից անցում կկատարվի նախագահական համակարգի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում