Արամ Ա-ն շնորհավորել է նորընտիր վարչապետին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը շնորհավորել է ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նա հույս է հայտնել, որ վարչապետը Արցախի ու հայ ազգի գերագույն շահերն ու ձգտումները քաղաքական նկատառումներից վեր կդասի, նոր ծավալ ու որակ կտա Հայաստան-Սփյուռք գործակցությանը՝ այն դարձնելով իր կյանքի ու գործի մղիչ ուժը։

«Արմենպրես»-ը ներկայացնում է շնորհավորանքի տեքստն ամբողջությամբ.

«Սիրելի՛ Պրն. Փաշինեան,

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Անթիլիասի Մայրավանքէն Հայրապետական օրհնութեամբ, քրիստոնէական ջերմ սիրով եւ ազգային վառ ապրումներով կ՚ողջունենք Ձեր ընտրութիւնը, որպէս Վարչապետ Հայաստանի Հանրապետութեան։

Արդարեւ, դուք այս յոյժ պատասխանատու պաշտօնը կը ստանձնէք Հայաստանի պատմութեան ներկայ ճշդորոշիչ հանգրուանին։ Մենք մօտէն հետեւեցանք Ձեր առաջնորդութեամբ տեղի ունեցած ժողովրդային շարժումին եւ հայրենիքէն ներս ընկերային արդարութիւն հաստատելու Ձեր խոստումին։ Գնահատեցինք Ձեզ, երբ մեր ժողովուրդի զաւակները հեռու պահեցիք բռնարարքներէ ու արիւնահոսութենէ, եւ սիրոյ ու համախոհութեան ոգին դարձուցիք մղիչ ուժը ժողովրդային շարժումին։

Սիրելի՛ Պրն. Վարչապետ,

Ժողովուրդի թեկնածու ըլլալը մեծ պատիւ է ու միաժամանակ՝ ծանր պարտաւորութիւն։ Մեր սպասումն է, որ Ձեր կատարած խոստումները, բարոյական արժէքներու ու մարդկային իրաւունքներու ամուր պահպանումով յանձնառութեան ու կեանքի վերածէք։ Մեր սպասումն է, որ հայրենի մեր ժողովուրդին, Արցախի ու մեր ազգին գերագոյն շահերն ու ձգտումները քաղաքական նկատառումներէ վեր նկատէք, եւ մէկ հայրենիքի ու ազգի անխախտ ու անխախտելի սկզբունքը՝ Հայաստան-Սփիւռք գործակցութեան նոր ծաւալ ու որակ տալով, Ձեր կեանքին ու գործին մղիչ ուժը դարձնէք։

Հայրենիքին ծառայելը սոսկ քաղաքական գործունէութիւն չէ, այլ էապէս առաքելութիւն, ազգաշինութեան ու հայրենակերտումի առաքելութիւն։ Դուք այս վեհ ու նուիրական առաքելութեան է որ կը պատրաստուիք լծուիլ։

Ջերմօրէն կ՚ողջունենք Ձեր ընտրութիւնը։ Պիտի մնանք զօրակից Ձեզի ու Ձեր գլխաւորած կառավարութեան, եւ միշտ ու գործնապէս մասնակից՝ հայրենաշինութեան առաքելութեան։

Կաղօթենք առ Բարձրեալն Աստուած, որ զօրեղ պահէ Ձեզ, որպէսզի կարենաք յաջողութամբ իրագործել Ձեր հայրենանուէր ծրագիրները։

Հայրական սիրով,

Աղօթարար՝

ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ

ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ»:

Հայերեն English

Սիրիան ՄԱԳԱՏԷ-ին թույլատրել է մուտք գործել Դեյր էլ-Զորի իր միջուկային օբյեկտ

Արագածոտնի մարզի Նոր Արթիկ և Զարինջա բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի բանակցում Իրանի հետ և չունի դա անելու որևէ ծրագիր

Օգոստոսի 19-ի միջոցառումների անոնս

Սեուտայում իսպանացի զինվորականների մոտ քոսի բռնկում է գրանցվել

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունն ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Արեգա Հովսեփյանի թեկնածությունը

Մոլդովայի նախագահը բարձր է գնահատել երկրի անկախության 35 տարիների ընթացքում գրանցված առաջընթացը․ Moldpres

Բուլղարիայի հնագիտական համալիրում թագավորական կնիք է հայտնաբերվել․ BTA

Թալինի իջևանատան պեղումների արդյունքում գրանցվել են առաջին ուշագրավ գտածոները