Փաշինյանի ընտրվելու դեպքում դաշտում առկա արհեստավարժ կադրերը տեղ կգտնեն կառավարությունում. Արայիկ Հարությունյան
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արայիկ Հարությունյանի համոզմամբ՝ Ազգային ժողովի պատգամավոր, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ վարչապետ ընտրվելու դեպքում կադրային խնդիր չի լինի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մայիսի 4-ին լրագրողների հետ զրույցում Հարությունյանը նշեց, որ կա բավարար կադրային ռեսուրս նոր կառավարություն կազմելու համար: «Դա չի նշանակում, որ կառավարությունը մի կուսակցության ձեռքում է լինելու, այլ «ազգային համաձայնության կառավարություն» է կազմվելու: Դաշտում առկա արհեստավարժ կադրերը տեղ կգտնեն կառավարությունում: Սփյուռքից կան մասնագետներ, ովքեր ցանկություն են հայտնել մեզ հետ քննարկել ծրագրային որոշ դրույթներ և առաջարկներով հանդես գալ: Ինչպիսին կլինի կազմը` կիմանանք մայիսի 8-ից հետո»,- ասաց Հարությունյանը:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամը հայտնեց, որ դեռ կառավարության նոր կազմի հարց չի քննարկվել: «Առաջիկա 1-2 օրերի ընթացքում այդ հարցը կքննարկվի. պայմանավորվածություն ունենք մեր կուսակցությունում, որ այդ հարցը քննարկելու ենք»,- նշեց Հարությունյանը: Նա գրեթե վստահ է, որ մայիսի 8-ին ԱԺ-ում կայանալիք վարչապետի ընտրությանը ընտրվելու է Նիկոլ Փաշինյանը, սակայն ցանկացած զարգացման իրենց թիմը պատրաստ է և բոլոր դեպքերի համար ունեն համապատասխան քայլեր:
Ըստ Հարությունյանի` Նիկոլ Փաշինյանի վարչապետի պաշտոնում ընտրվելու դեպքում նոր կառավարությունը դառնալու է ազատ և արդար արտահերթ ընտրութունների անցկացման երաշխավորը:
Ապրիլի 13-ից Երևանում ընթացել են բողոքի ակցիաներ, որոնք գլխավորում էր ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը: Ապրիլի 17-ին նա հայտարարեց առանց բռնության, բաց ձեռքերով «թավշյա հեղափոխության» մեկնարկի մասին: Սկսվեցին զանգվածային անհնազանդության գործողությունները Երևանի տարբեր հատվածներում: Ապրիլի 23-ին հրաժարական տվեց ապրիլի 17-ին Ազգային ժողովի կողմից վարչապետ ընտրված Սերժ Սարգսյանը: Մայիսի 1-ին խորհրդարանը չընտրեց վարչապետ՝ ձայների 56 դեմ և 45 կողմ քվեարկությամբ (անհրաժեշտ էր 53 կողմ ձայն): ՀՀ վարչապետի ընտրության երկրորդ փուլը տեղի կունենա մայիսի 8-ին՝ ժամը 12:00-ին, Ազգային ժողովի հատուկ նիստում: Նիկոլ Փաշինյանը կրկին առաջադրվել է որպես ՀՀ վարչապետի թեկնածու: Երկրում ընթացող ակցիաներն ու ցույցերը կրել են բացառապես խաղաղ բնույթ՝ լինելով միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: ՀՀ վարչապետի ընտրությունը լուսաբանելու համար հավատարմագրվել էր մոտ 100 միջազգային լրատվամիջոց: