Եվրոպայի սուսերամարտի առաջնությունը Երևանում անցկացնելը նոր զարկ կտա այս մարզաձևի զարգացմանը. Արմեն Գրիգորյան
4 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում նախօրեին ավարտվեց Եվրոպայի սուսերամարտի մինչև 23 տարեկանների առաջնությունը, որի մասնակցում էին 34 երկրի 432 մարզիկ:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Գրիգորյանը խոսեց առաջնության, գրանցված արդյունքների և առաջիկա ծրագրերի մասին:
-Ամփոփելով Եվրոպայի սուսերամարտի մինչև 23 տարեկանների առաջնությունը` ի՞նչ տվեց այն Հայաստանին:
-Երևանում Եվրոպայի առաջնությունն անցկացնելը մեծ հաջողություն է հայկական սուսերամարտի զարգացման համար: Մեր մարզիկները տեսան Եվրոպայի լավագույն սուսերամարտիկներին, ծանոթացան և մենամարտեցին միմյանց հետ: Եվրոպայի սուսերամարտի առաջնությունը Երևանում անցկացնելը նոր զարկ կլինի այս մարզաձևի համար: Նոր հետաքրքրություն կլինի: Մի րոպե անգամ չեմ կասկածում, որ մարզադահլիճներում երեխաների քանակը կավելանա: Շատ կարևոր է նաև այն, որ այս մրցումներից հետո մենք իրավունք կստանանք թիմային մասնակցություն ունենալ աշխարհի առաջնություններին:
-Ի՞նչ տպավորությամբ են լքում Հայաստանը մասնակիցները և գո՞հ են, արդյոք, կազմակերպչական տեսանկյունից:
-Բոլորն էլ գոհ են թե կազմակերչական աշխատանքից, թե մրցումների անցկացումից: Ամենակարևորը՝ ոչ մի րոպե ուշացում չի եղել, ոչ մի խախտում չի եղել: Այս ամենը շատ կարևոր է միջազգային մեծ մրցաշարեր անցկացնելու համար: Կատարված աշխատանքին դրական գնահատական է տվել Եվրոպայի կոնֆեդերացիայի նախագահը: Գոհունակություն հայտնեցին դահլիճի հարմարավետությունից, կազմակերպչական բարձր մակարդակից:
-Արդյո՞ք սա խթան կլինի Հայաստանում աշխարհի կամ Եվրոպայի մեծահասակների առաջնություն անցկացնելու համար:
-Ինձ արդեն առաջարկել են մեծահասակների Եվրոպայի 2021 թվականի առաջնությունը Երևանում անցկացնել: Տեսնելով մրցաշարի կազմակերպվածությունը՝ Եվրոպայի կոնֆեդերացիայի նախագահն անձամբ առաջարկ արեց ինձ:
-Մենք հեռու մնացինք մեդալների համար պայքարից: Ի՞նչ կասեք այդ մասին:
-Այո, ցավոք, մեդալ չունեցանք, ինչը շատ վատ է: Շանս ուներ Էմմա Պողոսովան 14:11 հաշվով հաղթում էր շվեյցարացի մարզիկին և լավ խմբում էր հայտնվել: Սակայն պարտվեց 14:15 հաշվով: Այս ամենը խոր վերլուծության պահանջ ունի մարզիչների կողմից: Մենք այս մրցաշարում ամենաքիչը պետք է բրոնզե մեդալ ունենայինք: Ասում ենք, որ տանը պատերն օգնում են, բայց մեր դեպքում մեր մարզիկների համար հակառակը ստացվեց: Շատ եմ ափսոսում, քանի որ կատարված մեծ աշխատանքից հետո մեդալը նվաճումը կամբողջացներ ամեն ինչ:
-Բոլորիս ուշադրության կենտրոնում արդեն Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերն են: Արդյոք այնքան ներուժ ունե՞նք, որ պայքարենք օլիմպիական ուղեգրերի համար:
-Եվրոպայի այս առաջնության մասնակիցները, ովքեր 23 տարեկան են, երկու տարի անց կդառնան 25 և կլինեն իրենց այն հասուն տարիքում, երբ ունակ ես պայքարելու Օլիմպիական խաղերի ուղեգրի համար: Մենք ևս շանս ունենք պայքարելու, բայց նաև հաջորդ երկու տարում կլինեն վարկանիշային մրցաշարեր, որոնց պետք է մասնակցենք:
Զրուցեց Վարվառա Հայրապետյանը
Լուսանկարները` Եվրոպայի առաջնության պաշտոնական էջից