Գևորգ Հարությունյանը Հայաստանը կներկայացնի «Նոր ալիք» 2018-ում
1 րոպեի ընթերցում
![Գևորգ Հարությունյանը Հայաստանը կներկայացնի «Նոր ալիք» 2018-ում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/04/930532.jpg)
ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «X Factor», «Դեպի Եվրատեսիլ» և այլ երաժշտական նախագծերից հայտնի երգիչ Գևորգ Հարությունյանը Հայաստանը կներկայացնի «Նոր ալիք» 2018 միջազգային երաժշտական մրցույթում: Այն կանցկացվի սեպտեմբերի 4-9-ը՝ Սոչիում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` երգիչն այդ մասին հայտնել է իր ֆեյսբուքյան էջում: Նա գրել է. «Հայաստանը «Նոր ալիքում» կներկայացնեմ ես»:
Երիտասարդ կատարողների «Նոր ալիք» միջազգային երաժշտական մրցույթն անցկացվում է 2002 թվականից: Մրցույթի գաղափարը պատկանում է կոմպոզիտորներ Իգոր Կրուտոյին և Ռայմոնդ Պաուլսին: Մրցույթը հնարավորություն է տալիս բացահայտել նոր արտիստների անուններ: «Նոր ալիք»-ից հանրության լայն շրջանակին հայտնի են դարձել այնպիսի երգիչներ, ինչպիսիք են Դիմա Բիլանը, Սերգեյ Լազարևը, Իրինա Դուբցովան, Պոլինա Գագարինան և այլք:
Տարբեր տարիների Հայաստանն այս մրցույթում ներկայացրել են Էմմին, «Հայեր» խումբը, Արման Գրիգորյանը, Ռազմիկ Ամյանը, Մհերը, Էրիկը, Սուրեն Առուստամյանը, Մերի Մնջոյանը, Սոնա Ռուբենյանը, Սյուզաննա Մելքոնյանը, իսկ 2010-ին մրցույթում հաղթել է Սոնա Շահգելդյանը: