Պաշտոնական

Արմեն Սարգսյանը կարևորել է Եկեղեցու համախմբող դերակատարությունը. նա այցելել է Մայր Աթոռ

2 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանը կարևորել է Եկեղեցու համախմբող դերակատարությունը. նա այցելել է Մայր Աթոռ

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանը եւ տիկին Նունե Սարգսյանն ապրիլի 14-ին այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եւ հանդիպել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմից, Վեհափառ Հայրապետն իր շնորհավորանքներն է հղել ՀՀ Նախագահին երդմնակալության արարողության առիթով` վստահություն հայտնելով, որ պետական կառավարման ոլորտում նրա հարուստ փորձառությունը լավագույնս պիտի ծառայեցվի երկրի առաջընթացին` արդարացնելով ժողովրդի սպասումները թե´ հայրենիքում և թե´ Սփյուռքում:

Նորին Սրբությունը հաստատել է, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պիտի շարունակի զորավիգ լինել հայրենի իշխանություններին ու ՀՀ Նախագահին հայոց անկախ պետականության զորացման և առկա մարտահրավերների հաղթահարման գործում և կարելին անել ի սեր և ի բարօրություն հայրենիքի ու ժողովրդի:

Վեհափառ Հայրապետը ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանին մաղթել է, որ երկրի և ժողովրդի ապագայի վերաբերյալ նրա տեսլականն ու իղձերն իրականություն դառնան:

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ամենայն Հայոց Հայրապետին բարեմաղթանքների համար եւ ընդգծել, որ ՀՀ Նախագահի պաշտոնը ստանձնել է` հավատ ունենալով ժողովրդի, հայրենիքի և Հայոց Եկեղեցու հանդեպ: Նա նաև կարևորել է Եկեղեցու համախմբող դերակատարությունը:

Զրույցի ընթացքում Գարեգին Բ Հայրապետը և Նախագահ Արմեն Սարգսյանը խոսել են նաև զանազան ծրագրերի մասին։

Հանդիպման վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀՀ Նախագահն այցելել են Մայր Տաճար:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglish
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում