Հայոց ցեղասպանությունը չպետք է հերքվի. Բունդեսթագի պատգամավորի համար անընդունելի է Էրդողանի միջամտությունը Գերմանիայի ներքին գործերին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման կապակցությամբ Գերմանիայում բողոքի ցույցեր հրահրելու նախաձեռնությունը բացարձակապես անընդունելի է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Գերմանիայի Ձախերի կուսակցության անդամ, Բունդեսթագի քրդական ծագում ունեցող պատգամավոր Էվրիմ Սոմմերը:

Նա ընդգծեց, որ առհասարակ պետք է մերժվեն օտարերկրյա կառավարությունների կողմից սեփական շահից դրդված փորձերը՝ ազդելու Գերմանիայի Դաշնային Հանրապետության ներքին քաղաքական որոշումների վրա: Սոմմերի համոզմամբ՝ Գերմանիայում գործող թուրքական ազգայնականOsmanen Germania Rocker խմբավորումն ակնհայտորեն դրսևորում է իրեն որպես թուրքական կառավարության ներկայացուցիչ:

«Լրատվամիջոցները հաղորդում են, որ փորձ է արվել այստեղ բնակվող թուրքական ծագում ունեցող անձանց շրջանում բողոքական տրամադրություններ հրահրել՝ կապված Բունդեսթագում այն բանաձևի ընդունման հետ, որը ճանաչում էր 1915/16 թվականներին Օսմանյան կայսրությունում հայերի հետ տեղի ունեցածը որպես ցեղասպանություն: Հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը լավ ուսումնասիրված պատմական փաստ է, որն այսուհետ չպետք է հերքվի: Պատմական փաստերը պետք է ճանաչվեն, անգամ եթե դրանք հարցականի տակ են առնում պետության հիմնադրման միֆերը: Պետական ժխտողականության քաղաքականությունը պահպանում է գաղափարախոսական կյանքի սուտը, որի հիման վրա կառուցվել և մինչ այժմ հիմնված է Թուրքիայի Հանրապետությունը»,- ընդգծեց Բունդեսթագի պատգամավորը: Նրա համար բացարձակապես անընդունելի է, որ Թուրքիան փորձում է Գերմանիային պարտադրել զանգվածային հանցագործությունները ժխտող իր իսկ պատմական դոկտրինը՝ այն հանցագործությունների, որոնք տեղի են ունեցել ազգ-պետություն գաղափարախոսության վրա կառուցված ժամանակակից Թուրքիայի հիմնադրումից թե առաջ, թե դրա ընթացքում:

Նա նշեց, որ թուրքական պետությունը և առհասարակ Թուրքիայում իրականացվող քաղաքականությունը չի առերեսվում անցյալի հետ, ինչի հետևանքով էլ այս ընթացքում բարձրացված շատ սոցիալական խնդիրներ, ինչպես, օրինակ, պետության կողմից հրահրված ազգայնականությունն է, մեր օրերում էլ շարունակվում են և թողնում են իրենց աղետալի հետևանքները:

Ավելի վաղ գերմանական հեղինակավոր Der Spiegel պարբերականը հրապարակել էր հոդված այն մասին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անձամբ հրահանգել է Գերմանիայում բողոքի ակցիաներ կազմակերպել՝ կապված 2016 թվականի հունիսին Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման հետ:

Գերմանիայի ոստիկանության կողմից ձայնագրված հեռախոսազրույցում երևում է, թե ինչպես է հենց Էրդողանը հունիսի 1-ին (Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից մեկ օր առաջ) զանգահարում Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Մեթին Քյուլունքին, ով այդ ժամանակ Բեռլինում էր և զբաղվում էր բողոքի ցույցերի կազմակերպմամբ:

Արաքս Կասյան

Հայերեն العربية English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում