Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհավորել է Արմեն Սարգսյանին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արմեն Սարգսյանի գրասենյակից, ուղերձում մասնավորապես ասված է.

«Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվելու առիթով Ձեզ եմ ուղղում անկեղծ շնորհավորանքներս եւ Ձեր առաքելության իրականացման լավագույն մաղթանքներս:

Ուրախ կլինեմ Ձեզ հետ աշխատելու պատմական վաղեմի կապերի վրա հիմնված, ինչպես նաեւ կառավարությունների, խորհրդարանների, տեղական ինքնակառավարման մարմինների եւ քաղաքացիական հասարակությունների մակարդակով առկա քաղաքական առանձնաշնորհյալ կապերով պայմանավորված մեր երկկողմ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ:

Վերջերս Եվրոպայի Միության հետ ստորագրված համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որի բանակցություններին իր գործուն մասնակցությունը ցուցաբերեց Ֆրանսիան, նոր դինամիկա է հաղորդում, որը, հուսով եմ, կարտահայտվի մեր երկու երկրների միջեւ ներդրումների եւ առեւտրատնտեսական հարաբերությունների վերելքով:

Սույն թվականի հոկտեմբերի 11-12-ը Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովն ընձեռում է Ֆրանսիայի եւ Հայաստանի միջեւ կապերը խորացնելու, հատկապես Հայաստանում ֆրանսիական համալսարանը եւ ֆրանսիական դպրոցը զարգացնելու, ինչպես նաեւ աշխատանքների ավարտից հետո մշակութային ցուցափեղկ դառնալու կոչում ունեցող Շարլ Ազնավուրի կենտրոնի միջոցով Հայաստանում ֆրանսերեն լեզուն ամրապնդելու եզակի հնարավորություն: Ձեր կողքին Ֆրանսիան կապահովի գագաթնաժողովի հաջողության իր բաժին մասնակցությունը: Ուրախ եմ վերջինիս մասնակցելու եւ այդ առիթով Հայաստան այցելելու համար:

Վերջում, կցանկանայի հավաստիացնել, որ Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, լիովին հանձնառու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցված եւ կայուն լուծում գտնելու գործընթացին»:

Արմեն Սարգսյանին շնորհավորել են նաեւ Մարոկկոյի թագավոր Մոհամադ Վեցերորդը, Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության նախագահ Չան Դայ Կուանը, Կուբայի պետական խորհրդի նախագահ, Նախարարների խորհրդի նախագահ Ռաուլ Կաստրո Ռուսը, Թունիսի Նախագահ Էլ Բեջի Կաիդ Էլ Սեբսիը, Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոն:

Հայերեն العربية English Русский

Ֆրանսիայում ոստիկանության և աշակերտական ցույցերի մասնակիցների միջև բախումներ են տեղի ունեցել

Հայաստանի մի շարք խոշոր բնակավայրերում իրականացվում է էլեկտրական ենթակառուցվածքների բարեկարգման և արդիականացման ծրագիր

Հութիները թիրախավորել են Սաուդյան Արաբիայի օդանավակայանները

Շաքիի միջադեպի առնչությամբ պատկան մարմինների գործողությունները կարելի է քննարկել․ ԱԺ նախագահ

Հայաստանի վարչապետն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են առաջիկա նախագծերին վերաբերող հարցեր

Ֆոն դեր Լայենը հայտնել է ԵՄ-ում գազի գնի 140%-ով աճի մասին

Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 մլն դրամ. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցն ամբողջությամբ բավարարվել է

Քենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքը

Ճարտարապետության համաշխարհային օրվա առթիվ Քաղաքաշինության կոմիտեն պարգևատրել է հայ ճարտարապետներին

Ֆիզիկայի բնագավառում 2026 թ. Նոբելյան մրցանակը շնորհվել է Ֆրենսիս Հալզենին