3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրային ռադիոյի հաղորդավար Տիգրան Հարությունյանը առաջիկայում Հայաստանը կներկայացնի Եվրոպական հեռարձակողների միության «Ռադիոմենամարտ» միջազգային նախագծում: «Արմենպրես լայֆ»-ի հետ զրույցում նա խոսել է նաև իր ապագա ծրագրերից:
-Տիգրա՛ն, տեղյակ ենք, որ շուտով Իտալիա եք մեկնելու, ի՞նչ այց է:
-Գնալու եմ ներկայացնելու իմ երկրորդ տունը՝ Հանրային ռադիոն ու Հայաստանը: Արդեն մի քանի տարի է Հանրային ռադիոն՝ որպես Եվրոպական հեռարձակողների միության (EBU) անդամ, մասնակցում է «Ռադիոմենամարտ» միջազգային նախագծին, որի հայաստանյան հաղորդավարը ես եմ: Անցած տարի մենք ճանաչվեցինք լավագույն մասնակից և հրավեր ստացանք իտալական Rai Radio 2-ից մասնակցելու մասշտաբային Radio City Milano փառատոնին, որտեղ ներկայացրեցինք հայկական մշակույթը: Մեր տաղավարում հյուրընկալվեցին Միլանի քաղաքապետը, մեր երկրի պատվո հյուպատոսը, բազմաթիվ զբոսաշրջիկներ: Կազմակերպիչների հրավերով այս տարի կրկին Հանրային ռադիոն կմասնակցի համանուն փառատոնին:
-Նոր ֆոտոշարք եք ներկայացրել: Ո՞ւմ հետ եք համագործակցում:
-Լուսանկարների հարցում նախընտրում եմ համագործակցել Արվին Քոչարյանի հետ, մեր համագործակցությունը ստացված եմ համարում, շատ արագ ենք հասկանում իրար, թե ինչ է պետք, չնայած ես չեմ դավաճանել դեռևս դասական կերպարին:
-Ի՞նչ ստեղծագործական կյանքով եք հիմա ապրում:
-Վարում եմ Հանրային ռադիոյի «Առավոտը հանրայինում» ժամանցային-տեղեկատվական հաղորդումը, նաև «Ձեր Ցանկությամբ» պատվերով ծրագիրը: Հեռուստատեսային գործունեությունս վերջին տարիներին ծավալում եմ ԱՐ հեռուստաընկերությունում: Շարունակում եմ իմ նկարահանումները. «Վերադարձ» նախագիծը ֆիլմաշարեր են հայրենադարձ ընտանիքների մասին: Վերադարձի հարյուրավոր լուսավոր պատմություններ ենք էկրանավորել: Իսկ աշխատանքից դուրս նաև զբաղվածությունը համերգներում է, հանդիսություններում ու տարբեր PR նախագծերում:
-Տիգրան, վերջերս արժանացել եք մրցանակի, կպատմեք ի՞նչ մրցանակ է և ո՞վ է շնորհել:
-Այո՛ «Վստահության վարկանիշ-2017»-ի փորձագիտական խորհուրդը սոցիոլոգիական հարցումների և մասնագիտական քննարկումների արդյունքում ինձ շնորհել է «Բարձր վարկանիշ ունեցող հեռուստառադիոհաղորդավար» մրցանակը: Շնորհակալ եմ իմ ունկնդիրներին, մարդկանց, ովքեր 27 տարվա իմ հեռուստառադիոհաղորդավարի գործունեությունը գնահատել են և քվեարկել իմ օգտին, սա չափից ավել պարտավորեցնող, բայց միևնույն ժամանակ հաճելի գնահատական է:
Քրիստինե Գալստյան