Տարոն Մարգարյանը հանձնարարել է Երևանի  2800-ամյակին նվիրված արտաքին ձևավորման հարցում կիրառել կանաչապատման մոտեցումներ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մայրաքաղաքի 12 վարչական շրջանների կանաչապատման ընկերությունների տնօրենների հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ընդգծելով ոլորտում իրականացվող ծրագրերի հետևողականորեն կյանքի կոչումը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ, կրկնապատկելով կատարված աշխատանքների ծավալը, շատ կարևոր է նաև կիրառել նոր մոտեցումներ:

«Մայրաքաղաքի կանաչապատման ու ծաղկապատման գործում վերջին տարիներին գրանցած դրական տեղաշարժն ակնհայտ է: Դրա վառ ապացույցը նաև երևանցիների ու մայրաքաղաքի բազմաթիվ հյուրերի կողմից տրվող գնահատականն է: Թեև արդյունքն իսկապես գոհացուցիչ է, սակայն կհորդորեմ չբավարարվել եղած արդյունքով և նույն եռանդով շարունակել աշխատանքները, քանի որ դեռ շատ անելիքներ ունենք: Անհրաժեշտ է կիրառել կանաչապատ տարածքների խնամքի նոր մոտեցումներ, կանաչապատման սակավ հնարավորությամբ տարածքներում կիրառել այլընտրանքային կանաչապատում: Համոզված եմ, որ թիմային ու նվիրված աշխատանքով մի քանի տարի անց կհասնենք զգալի արդյունքի», - նշել է քաղաքապետը:

Ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների ավելացման, էկոլոգիական վիճակի բարելավման, համակարգված և մասնագիտորեն հիմնավորված կանաչապատում իրականացնելու, ինչպես նաև ոլորտում կայուն զարգացում ապահովելու նպատակով՝ հանձնարարվել է հաշվի առնել նաև Երևանի բնակլիմայական պայմանները, տեղանքը, ծառատեսակներն ու ծաղկատեսակները, ինչպես նաև անհրաժեշտ այլ գործոններ:

«Կանաչ գոտիների ընդլայնման ուղղությամբ տարվող աշխատանքներն ու հատկապես ծառատունկերը պետք է կատարվեն այն տրամաբանությամբ, որ դրանց արդյունքը տեսանելի լինի ոչ միայն 2-3 տարի հետո, այլ նաև տասնամյակներ անց: Մենք պարտավոր ենք հաջորդ սերունդներին փոխանցել իսկապես կանաչապատ ու ծառերով հարուստ քաղաք, ինչը հաշվի առնելով էլ մասնագետների հետ քննարկեք ու ընտրեք համապատասխան ծառատեսակներ», - ընդգծել է Տարոն Մարգարյանն ու առաջարկել մայրաքաղաքի կանաչապատման գործին ներգրավել նաև բնակիչներին ու շահագրգիռ ընկերություններին:

«Երևանցիների կողմից բարձրացվող խնդիրների ու առաջարկների արդյունքում է նաև, որ մայրաքաղաքում կատարած աշխատանքներն առավել առարկայական ու շոշափելի են դառնում: Բացի այդ, չմոռանանք, որ իրականացվող աշխատանքներում ներգրավվելով ու անձամբ մասնակցելով, մեր քաղաքացիներն այդուհետ առավել մեծ հոգատարություն ու խնամք են ցուցաբերում դրանց նկատմամբ», - ընդգծել է քաղաքապետը:

Հանդիպման ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը կանաչապատման ոլորտի պատասխանատուների ուշադրությունը հրավիրել է նաև Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված կանաչապատման հարցում ինքնատիպ մոտեցումների կիրառմանը՝ ընդգծելով, որ տոնական Երևանի արտաքին ձևավորումը պետք է առանձնանա նաև կանաչապատ տարածքների հետաքրքիր լուծումներով:

Հայերեն

Սերժ Սարգսյանը գործի քննության ընթացքում չի մասնակցի դատական նիստերին

Սպանության փորձի, ապօրինի զենք պահելու, քրեական ենթամշակույթի հետ առնչություն ունենալու մեջ մեղադրվող 8 անձանց վերաբերյալ քրեական գործը դատարանում է

Հորմուզի նեղուցը բաց է և բաց կմնա՝ Իրանի հետ կամ առանց Իրանի․ Թրամփ

«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնը համալրվել է վերջին սերնդի անգիոգրաֆով

Գեղարքունիքի մարզում ավտովթարի հետևանքով 7 ամսական երեխա է մահացել

Հութիները մեղադրել են Սաուդյան Արաբիային Սանայի օդանավակայանը ռմբակոծելու համար և պատասխան հարված են խոստացել

Կասեցվել է «Հեքիաթ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարող է վերահսկողություն հաստատել Հորմուզի նեղուցի նկատմամբ

Շարունակելով ներդրումը երիտասարդների կրթության մեջ. Ամերիաբանկն ամփոփել է «Իմ Հայաստան, իմ ապագա» ուսանողական մրցույթը

Հաճախորդների շնորհակալության օր Վանաձորում․ IDBank