Սերժ Սարգսյանն ընդունել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյան մարտի 2-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին: Հանրապետության Նախագահը և Վրաստանի վարչապետը առանձնազրույցի ժամանակ քննարկել են հայ-վրացական երկկողմ հարաբերությունների զարգացմանը և տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Ողջունելով հյուրին՝ Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանում ուրախ են հյուրընկալելու բարեկամ Վրաստանից ժամանած պատվիրակություններին: Նախագահը գոհունակությամբ է փաստել, որ բարձր մակարդակով տեղի ունեցող հայ-վրացական հանդիպումները՝ միտված երկկողմ բարեկամության ամրապնդմանն ու առկա ընթացիկ խնդիրների լուծմանը, մշտապես անցնում են փոխվստահության մթնոլորտում:

«Հարգելի՛ պարոն վարչապետ,

Վստահ եմ, որ շնորհիվ նաև այս հանդիպումների, ավելանում է մեր առևտրաշրջանառությունը, ամրապնդվում է համագործակցությունը տնտեսության, մշակույթի և մյուս բոլոր ոլորտներում: Արդյունքներն ակնառու են և չափելի, ու դա շատ կարևոր է: Վստահ եմ, որ Ձեր այցը ևս իր ներդրումն է ունենալու մեր երկրների միջև փոխգործակցությունը որակապես նոր և ավելի բարձր մակարդակի հասցնելու, երկկողմ հարաբերություններն ամրապնդելու գործում:

Այս տարի մենք Հայաստանում անցկացնելու ենք մի քանի խոշոր միջոցառումներ, որոնցից հատկապես ուզում եմ ընդգծել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովը, որին, հուսով եմ՝ Վրաստանը կմասնակցի բարձր մակարդակով: Բարով եք եկել Հայաստան»,-ասել է Նախագահ Սարգսյանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին նշել է, թե ուրախ է գտնվելու հարևան և բարեկամ Հայաստանում: Վրաստանի վարչապետը նույնպիսի գոհունակությամբ է արձանագրել, որ 2017 թվականը նշանավորվել է հայ-վրացական փոխադարձ բարձր մակարդակի այցերով: Հայաստանի Նախագահի, մինչ այդ վարչապետի այցերը, իսկ այժմ իր պատասխան այցը Հայաստան, Գիորգի Կվիրիկաշվիլիի համոզմամբ, վկայում են կայուն զարգացման դինամիկա ունեցող հայ-վրացական հարաբերությունների մասին:

«Հարգարժա՛ն պարոն Նախագահ, մենք պարոն վարչապետի հետ քննարկել ենք տնտեսական հարաբերություններին և համագործակցության մեր հետագա քայլերին վերաբերող հարցեր: Ինչպես Դուք նշեցիք՝ հոբելյանական տարի ունենք. այս տարի մենք երկուստեք նշում ենք մեր հանրապետությունների հռչակման 100-ամյակը, և հուսով եմ, որ բարձր մակարդակով կնշենք այդ կարևոր հոբելյանը: Դուք խոսեցիք Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացման մասին, ես տեղյակ եմ, որ Վրաստանն այդ միջոցառմանը կմասնակցի բարձր մակարդակով: Հուսով եմ՝ մեր հանդիպումները շարունակական կլինեն, մեր հարաբերություններն էլ ավելի կխորանան: Դրա համար հույս և հավատ են ներշնչում նաև փոխադարձ այցերը»,- ասել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:

Առանձնազրույցից հետո Նախագահի նստավայրում բանակցությունները շարունակվել են աշխատանքային ճաշի ձևաչափով՝ Վրաստանի վարչապետի գլխավորած պատվիրակության անդամների մասնակցությամբ:

Հայերեն English Русский

Հայաստանում Չինաստանի դեսպանատանը հանդիսավորությամբ նշվեց Գարնանային փառատոնը՝ չինական Նոր տարին

Ներքին Գետաշենում բացվել է Արցախյան գոյամարտերում  զոհված հերոս հայորդիներին նվիրված հուշահամալիր

ՌԴ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի սպասվող հանդիպման մասին

ՀՀ նորանշանակ դեսպանը և Ջիբութիի նախագահը դիտարկել են երկկողմ օրակարգի հարցեր

Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի լիազորությունները

Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը

Ջո Բայդենը Սպիտակ տան մուտքի առաջ ողջունել է Դոնալդ Թրամփին՝ մինչ վերջինիս երդմնակալության արարողությունը

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը չի մասնակցի Դոնալդ Թրամփի երդմնակալությանը

Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնության առաջատարն անփոփոխ է

Դոնալդ Թրամփի հազարավոր աջակիցներ հերթ են կանգնել նրա երդմնակալության արարողությանը հետևելու համար