Տարածաշրջանային

Թուրքիան կրկին ստորագրեց պատմական սխալի տակ. Թաներ Աքչամի բացառիկ մեկնաբանությունն «Արմենպրես»-ին

2 րոպեի ընթերցում

Թուրքիան կրկին ստորագրեց պատմական սխալի տակ. Թաներ Աքչամի բացառիկ մեկնաբանությունն «Արմենպրես»-ին

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-թուրքական արձանագրություններին ընթացք չտալով Թուրքիան հերթական անգամ ստորագրեց պատմական սխալի տակ: Այս մասին «Արմենպրես»-ին տված բացառիկ մեկնաբանության մեջ ասաց հայտնի թուրք պատմաբան Թաներ Աքչամը:

Նա ընդգծեց, որ արձանագրությունների կնքման ընթացակարգը դադարեցնելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց այն, ինչն արդեն հստակ էր:

«Արձանագրությունները Թուրքիայի կառավարության կողմից արված հայտարարություններից անմիջապես հետո արդեն սպանվել էին և վերածվել դատարկ թղթի կտորի: Չեմ կարող ասել, թե երբ կձևավորվի անհրաժեշտ կամք՝ կանգնելու արձանագրությունների հետևում:

Մարդկության պատմությունը լի է նման հարյուրավոր, անգամ հազարավոր բաց թողնված հնարավորություններով: Սա էլ մի մեծ հնարավորություն էր, որը բաց թողնվեց… Մեզ մնում է միայն ասել՝ ափսոս, և կրկնել՝ Թուրքիան կրկին ստորագրեց պատմական սխալի տակ»,- ասաց Աքչամը:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 1-ին հրավիրած Ազգային անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց «Հայաuտանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաuտանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունների կնքման ընթացակարգը դադարեցնելու մասին:

Նա հանձնարարեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգը դադարեցնելու մասին ծանուցել Թուրքիայի Հանրապետությանը:

Արաքս Կասյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում