ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ձմեռային 23-րդ Օլիմպիական խաղերի դրոշակակիր Միքայել Միքայելյանը մեծ պատիվ է համարում Հայաստանի դրոշակակիրը լինել «սպիտակ խաղերում»:
«Միայն հպարտության զգացողություն ունեմ, քանի որ առանց որևէ լուրջ ֆինանսավորման, փորձում ենք ներկայացնել մեր փոքրիկ լեռնային Հայաստանը: Մենք մեր փոքրիկ ռեկորդներով ոտք ենք գցում ԱՄՆ-ի, Ռուսաստանի և այլ պետությունների հետ»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Միքայելյանը:
Փհենչհանի 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը Հայաստանի դրոշակակիրը դահուկորդ Միքայել Միքայելյանն է լինելու. Հայաստանն առաջին պետությունն է աշխարհում, որը ներկայացնող մարզական ընտանիքի երեք անդամներ Օլիմպիական խաղերի պատմության մեջ դառնում են դրոշակակիրներ: Միքայել Միքայելյանից առաջ դրոշակակրի պատիվն ընձեռված է եղել նրա մորն ու եղբորը: 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողությունը մեկնարկի փետրվարի 9-ին՝ Երևանի ժամանակով 15:00-ին: Օլիմպիական խաղերի պատմության մեջ աննախադեպ երևույթ է, որ մեկ ընտանիքից երեք ներկայացուցիչ լինեն մի երկրի դրոշակակիրը: 1998 թվականի Նագանոյի 18-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի ժամանակ Հայաստանի դրոշակակիրը Ալլա Միքայելյանն էր՝ Միքայելի մայրը, 2014 թվականի Սոչիի ձմեռային Խաղերում Հայաստանի դրոշը մարզադաշտ է մտցրել եղբայրը՝ Սերգեյ Միքայելյանը և հիմա Փհենչհանի Օլիմպիական խաղերում Հայաստանի դրոշակակիրն է լինելու դահուկորդը: