Լևոն Արոնյանը կրկին կիսեց միավորը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը կրկին կիսել է միավորը Ջիբրալթարի մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ջիբրալթարի միջազգային մրցաշարի 5-րդ տուրում Արոնյանի մրցակիցը Ալեքսանդր Հուզմանն էր: Գրոսմայստերները պարտիան ավարտել են խաղաղ արդյունքով: Միավորը կիսել է նաև Լիլիթ Մկրտչյանը:
Արոնյանն ունի 3,5 միավոր: Առաջատար Հիկարու Նակամուրան վաստակել է 5 միավոր:
Ջիբրալթար Մասթերս խոշոր միջազգային մրցաշարին այս տարի մասնակցում է 274 շախմատիստ 50 երկրից, այդ թվում՝ 92 գրոսմայստեր: Մրցաշարում առաջին դասակարգված շախմատիստը հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն է: Արոնյանի մրցակիցների թվում են հանրահայտ գրոսմայստերներ Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Ջիբրալթար Մասթերսի վերջին երեք տարիների հաղթող Հիկարու Նակամուրան, Դավիթ Նավարան, Պենտալա Հարիկրիշնան, Լե Քուան Լիեմը, Դուդա Յան-Քշիշտոֆը, Մայքլ Ադամսը, Վահ Հաոն, Նիկիտա Վիտյուգովը, Վասիլի Իվանչուկը և մի շարք այլ ուժեղագույն գրոսմայստերներ: Մրցաշարը կեզրափակվի փետրվարի 1-ին: