Լավրովը ԼՂ հակամարտության կողմերից դրական ազդակներ է ակնկալում համանախագահների առաջարկների առնչությամբ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը կողմերի ձեռքում է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ընդգծելով, որ կողմերից դրական ազդակներ են սպասվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկների առնչությամբ, որոնք կողմերի մոտ են:

«Ռուսաստանի Դաշնությունը չի կարող հստակ պլաններ ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար, քանի որ խնդիրը պետք է լուծեն հակամարտող կողմերը: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանը Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի հետ անում է ամեն բան կարգավորման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու նպատակով»,- ասաց Լավրովը:

Արտգործնախարարն ընդգծեց, որ վերջին տարիներին ձեռնարկվել են ինտենսիվ ջանքեր՝ ամփոփելով հակամարտող կողմերի բոլոր դիրքորոշումները և փորձելով դրանցից առանձնացնել ԼՂ խնդրի կարգավորման այս կամ այն ասպեկտի վերաբերյալ համընկող մոտեցումները: ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը փաստեց, որ միևնույն ժամանակ իրենք փորձել են հուշել այն փոխզիջումները, որոնք կողմերին կարող են հանգեցնել ընդհանուր հայտարարի այն հարցերում, որտեղ դեռևս տարաձայնություններ կան:

«Այս աշխատանքն իրականացվել է ինտենսիվորեն: Անցնող տարում համանախագահների արած բոլոր առաջարկները, իսկ համանախագահներն ընդհանուր մոտեցումներ ունեն այս հարցում, գտնվում են կողմերի մոտ: Կողմերը գիտեն, թե ինչ են մտածում համանախագահները, սակայն հենց նրանք պետք է որոշում կայացնեն: Իհարկե, մենք սպասում ենք, որ դրական ազդակներ կհաջորդեն երկու կողմերից էլ»,- ասաց Լավրովը: Նա գահունակություն հայտնեց այն փաստի առնչությամբ, որ անցնող 2017 թվականին տեղի ունեցան Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ու արտաքին գործերի նախարարների հանդիպումներ: Նա հիշեցրեց, որ համանախագահ երկրների ներկայացուցիչները մասնակցել են այս գործընթացներին:

«Կարծում եմ, որ հիմա կարևոր է հավելյալ քայլեր ձեռնարկել, որպեսզի շփման գծում ավելի հանգիստ լինի: Դա կօգնի անցում կատարել քաղաքական կարգավորման: Այս հիմնախնդիրը մեկ փաստաթղթում մեկընդմիշտ հնարավոր չէ լուծել: Անհրաժեշտ է փուլային մոտեցում, որը կարտացոլի համաձայնությունն այն մասին, ինչ հնարավոր է հիմա և կհստակեցնի աշխատանքի ուղիները այն հարցերի շուրջ, որոնք կարիք ունեն հավելյալ քննարկումների՝ հանուն վերջնական կարգավորման, որը իր մեջ կներառի նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը»,- հայտարարեց ՌԴ արտգործնախարարը:

Հայերեն English Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա