Հայաստանի հնագետների նոր բացահայտումը.Արմավիրում հայտնաբերված բնակատեղին թվագրվում է Ք.ա. 8-րդ հազարամյակի վերջով-7-րդ հազարամյակի սկզբով

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղի հարևանությամբ հնագետները նոր բացահայտում են արել: «Լեռնագոգ-1» հնավայրում բացահայտվել է տարածք, որը թվագրվում է Ք.ա. 8-րդ հազարամյակի վերջով- 7-րդ հազարամյակի սկզբով:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը՝ ամփոփելով 2017 թ. աշխատանքները:

«Առաջին անգամ այս տարածաշրջանում արձանագրել ենք ստացիոնար բնակատեղի, որի ստորին շերտերը թվագրվում են Ք.ա. 8-րդ հազարամյակի վերջով-7-րդ հազարամյակի սկզբով: Մինչ այդ Հայաստանի տարածքում հնագույն բնակատեղիների շերտերն առավելագույնը, որ կարողանում էինք թվագրել, Ք.ա. 6-րդ հազարամյակի առաջին քառորդն էր: Սա 2017 թ. հիմնարար հետազոտությունների փայլուն արդյունքներից է»,-ասաց Պավել Ավետիսյանը:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բնակատեղիում ապրող հասարակությունը տիրապետել է որոշակի ճարտարապետական հմտությունների: ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Արթուր Պետրոսյանի խոսքով, այդ հատվածում գտնվել են կավից շինության հետքեր:

«Այսինքն` կարող ենք ասել, որ 8-րդ հազարամյակում մարդիկ տիրապետում էին կավի ճարտարապետությանը: Հնավայրում հայտնաբերված իրերի ուսումնասիրությունը նույն ժամանակաշրջանի թվագրում են ունեցել»,-ասաց Արթուր Պետրոսյանը:

Ճապոնիայի Տոկաիի համալսարանի դոկտոր Մակոտո Արիմուրան տարիներ առաջ է Հայաստան եկել: Մինչ այդ աշխատել է Կենտրոնական Ասիայի, Մերձավոր Արևելքի տարբեր երկրներում: Նրա հետաքրքրությունների շրջանակում են նեոլիթական հարցերը:

«Մերձավոր Արևելքը, Կովկասը նեոլիթական մշակույթի առանցքային մասն են: Սիրիայում, Իրաքում, Թուրքիայում այդ ժամանակաշրջանի հուշարձաններ շատ կան, բայց մենք քիչ տեղեկություններ ունենք Կովկասի մասին: Մինչ այժմ եղած հուշարձանները 6-րդ հազարամյակով էին թվագրվում, դրանից ավելի վաղ շրջանի մասին տեղեկություն չունեինք: Ահա այս ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ Հայաստանում կա ավելի վաղ ժամանակաշրջանի բնակատեղի, որտեղ մարդիկ ապրել են, ստեղծել: Ինձ համար անակնկալ էր, որ ճարտարապետություն հայտնաբերվեց: Կովկասում այդ ժամանակաշրջանի համար ճարտարապետություն հայտնաբերելն առաջին անգամ էր: Նշանակում է մարդիկ մինչև 6-րդ հազարամյակը կառուցում էին»,-ասաց ճապոնացի հնագետը:

Պավել Ավետիսյանը տեղեկացրեց, որ դեռ փոքր տարածք է ուսումնասիրվել, ընթացիկ տարում պեղումները շարունակվելու են: Նա ընդգծեց, որ հիմա հերթը ՀՀ մշակույթի նախարարությանն է, որպեսզի այս հնավայրն ընդգրկվի պահպանվող տարածքների ցանկում և պետության կողմից պահպանվի:

«Հայաստանի տարածքում ինչ պեղում ենք, ստացված նյութերը ուսումնասիրվում են, անալիզի են ենթարկվում աշխարհի տարբեր լաբորատորիաներում, մեր ուղարկած նյութերի արդյունքները այնտեղից են գալիս: Այսինքն` միջազգային հարթակներում ապացուցելու խնդիր չունենք»,-ասաց Պավել Ավետիսյանը:

Հայերեն العربية English Русский

Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը դուրս մնաց հետագա պայքարից

Կոնֆերենցիաների լիգա. «Նոա»-ն դուրս եկավ հաջորդ փուլ, «Փյունիկ»-ը լքում է պայքարը

Փրկարարները հայտնաբերել են մառախուղի պատճառով մոլորված քաղաքացուն

ԶՈՒ ԳՇ պետը ժամկետային զինծառայողների հետ քննարկել է կարգապահության և իրավախախտումների կանխարգելման հարցեր

Հայ-չինական հարաբերությունները գտնվում են քաղաքական երկխոսության բարձր մակարդակի վրա՝ ստանալով ռազմավարական բնույթ. ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ

Հարավային Կովկասում ձևավորվում է խաղաղության, համագործակցության և փոխկապակցվածության նոր ժամանակաշրջան. ՉԺՀ դեսպան

«Սևանի շուրջ» սիրողական հեծանվային արշավի անցկացման համար կհատկացվի շուրջ 23.9 մլն դրամ

Խուդաթյանն Իրանի փոխարտգործնախարարի հետ քննարկել է էներգետիկ և տրանսպորտային ծրագրերը

Սյունիքի և Վայոց ձորի 12 համայնքում կամրապնդվեն աղետներին պատրաստվածության և վաղ ազդարարման կարողությունները

«Wildberries»-ը հաշվարկում է լոգիստիկ ենթակառուցվածքի միջադեպերից տուժած վաճառողների վնասները