Հարավային Կովկասում ձևավորվում է խաղաղության, համագործակցության և փոխկապակցվածության նոր ժամանակաշրջան. ՉԺՀ դեսպան
3 րոպեի ընթերցում

ՀՀ-ում Չինաստանի դեսպանատանը կայացավ չինական բանակի 99-ամյակին նվիրված տոնական միջոցառումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյն իր ելույթում նշեց, որ Չինաստանի Կոմունիստական կուսակցության ղեկավարությամբ գործող չինական բանակը պայքարում է չին ժողովրդի ազատագրման և երջանկության, ինչպես նաև չին ազգի անկախության և ազգային վերածննդի համար, ուստի այդ պատճառով էլ կոչվում է Չինաստանի Ժողովրդական Ազատագրական բանակ։
«Զինվորներն աշխարհի ամենախաղաղասեր մարդիկ են, որովհետև նրանք իսկապես գիտեն պատերազմի դաժանությունը։ Չինական բանակն իր առաքելությունն է համարում ոչ միայն ազգային անվտանգության ապահովումն ու ազգային արժանապատվության պաշտպանությունը, այլև համաշխարհային խաղաղության պահպանումը, ինչպես նաև պատերազմների դեմ հանդես գալն ու դրանց կանխարգելումը»,- ասաց դեսպանը։

Նա հավելեց, որ Չինաստանի զինված ուժերն ունեն ժամանակակից սպառազինություն, համալիր մարտական կարողություններ և հզոր ռազմավարական զսպման ներուժ, սակայն դրանք մշտապես ցուցաբերում են զսպվածություն և հետևողականորեն հավատարիմ են մնում ուժի կիրառմանը չդիմելու սկզբունքին, հատկապես՝ առաջինը միջուկային զենք չկիրառելու քաղաքականությանը։
«Չինաստանի զինված ուժերը ՄԱԿ-ի խաղաղապահ և այլ գործողությունների ամենաակտիվ մասնակիցներից են, ինչպես նաև միջազգային աղետների հետևանքների վերացման և մարդասիրական օգնության ոլորտում առավել ներգրավված բանակներից մեկը։ Այն գործնականում իրականացնում է բազմակողմանիության սկզբունքը և կարևոր ներդրում ունի համաշխարհային խաղաղության պահպանման գործում։ ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի գաղափարախոսության առաջնորդությամբ Չինաստանի զինված ուժերը ձգտում են դառնալ համաշխարհային մակարդակի բանակ։ Չինաստանը պատրաստ է միջազգային հանրության հետ համատեղ կյանքի կոչել մարդկության միասնական ճակատագրի համայնքի գաղափարը և չորս գլոբալ նախաձեռնությունները, միասին դիմակայել ռիսկերին ու մարտահրավերներին և համատեղ կառուցել ավելի լավ աշխարհ»,- ասաց Լի Սինվեյը։

Դիվանագետը շեշտեց, որ Չինաստանն ու Հայաստանը կապված են ավանդական բարեկամությամբ։
«Մենք ուրախությամբ ենք տեսնում, որ Հարավային Կովկասում ձևավորվում է խաղաղության, համագործակցության և փոխկապակցվածության նոր ժամանակաշրջան։ Մենք անկեղծորեն մաղթում ենք Հայաստանին հաջողություն՝ խաղաղության, կայունության, զարգացման և բարգավաճման իր տեսլականն իրականացնելիս։ Մաղթում ենք, որ նոր Ազգային ժողովն ու կառավարությունը հաջողությամբ ձևավորվեն և արդյունավետ աշխատեն։ Մաղթում ենք Չինաստանին և Հայաստանին բարգավաճում, երկու ժողովուրդներին՝ երջանկություն և բարեկեցություն, իսկ երկու երկրների զինված ուժերի միջև բարեկամությանը՝ հարատևություն»,- եզրափակեց ՀՀ-ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպանը։