Քաղաքականություն

Ադրբեջանը Ժնևում ստորագրել է մի փաստաթղթի տակ, որում խոսվում է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին. Շարմազանով

3 րոպեի ընթերցում

Ադրբեջանը Ժնևում ստորագրել է մի փաստաթղթի տակ, որում խոսվում է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին. Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո Մինսկի խմբի համանախագահ երեք երկրի և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ հայտարարությունը հայկական դիվանագիտության համար կարևոր հաջողություն է համարում:

«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահը հիշեցրեց, որ ապրիլյան պատերազմին հաջորդած՝ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումներից հետո Ադրբեջանը տորպեդահարում էր ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը:

«Սակայն դրանից հետո տեղի ունեցավ ևս մեկ հանդիպում Ժնևում, որից հետո 4 տարվա ընթացքում առաջին անգամ ունեցանք համանախագահ երկրների և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հնգակողմ հայտարարությունը, որով Ադրբեջանը ստորագրել է մի փաստաթղթի տակ, որտեղ խոսվում էր նույն այն մեխանիզմների իրականացման վերաբերյալ, ինչ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների ընթացքում, և որը նրանք ջանասիրաբար մեկ տարի փորձում էին արհամարհել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Շարմազանովը:

ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծեց, որ ապրիլյան պատերազմից հետո հայկական դիվանագիտությունը հստակեցրել և կոշտացրել է իր դիրքորոշումը: «Մենք, ի տարբերություն Ադրբեջանի, հակաադրբեջանական կամ հակաթուրքական հասարակություն չենք կառուցում: Մենք կառուցում ենք հասարակություն, որը ծառայում է Հայաստանի Հանրապետությանը, որտեղ չկա թշնամանք: Իսկ Արցախի ժողովրդի պայքարը պայքար է հանուն անկախության և ազատության»,- եզրափակեց ՀՀ ԱԺ փոխնախագահը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հանդիպումը կայացել է 2017 թ. հոկտեմբերի 16-ին, Ժնևում: Հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների` ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները համատեղ հայտարարություն են տարածել, որում կառուցողական են գնահատել նախագահների հանդիպումը: Հայտարարության մեջ նշված էր, որ նախագահները համաձայնել են միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացն առաջ մղելու և շփման գծում լարվածությունը նվազեցնելու նպատակով հավելյալ քայլեր կատարելու ուղղությամբ:

Համանախագահները գոհունակություն են հայտնել երկար դադարից հետո կայացած ուղղակի բանակցությունների առթիվ: Նրանք պատրաստակամ են կողմերի հետ շարունակել միջնորդական աշխատանքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ բանակցային կարգավորման ուղղությամբ: Որպես հաջորդ քայլ՝ համանախագահները մոտ ապագայում աշխատանքային քննարկումներ կանցկացնեն նախարարների հետ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում