Հասարակական

Արամ Աղասյանը ներկայացրեց անտառներից արջերի՝ հարակից գյուղեր իջնելը կանխելու մեթոդները

3 րոպեի ընթերցում

Արամ Աղասյանը ներկայացրեց անտառներից արջերի՝ հարակից գյուղեր իջնելը կանխելու մեթոդները

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վայոց ձորի անտառներից պարբերաբար գյուղեր իջնող արջերի պատճառած վնասներից խուսափելու համար հարկավոր է իրականացնել խիստ վերահսկողություն և կիրառել արջերին վախեցնող մեթոդներ: Ազգային ժողովում «ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների առկա վիճակը, հիմնախնդիրները և լուծման ուղղությունները» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում այս մասին ասաց ՀՀ բնապահպանության նախարարության բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանը՝ պատասխանելով Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկվում, հավանաբար, կերի պակասի պատճառով անտառներից արջերի գյուղեր իջնելը կանխելու ուղղությամբ: «Արջը Կարմիր գրքում ընդգրկված տեսակ է, հետևաբար արջերին կրակելու միջոցով վնասազերծելն արգելված է: Դրա համար միակ միջոցը խիստ վերահսկողություն սահմանելն է ու վախեցնող մեթոդների կիրառումը: Գիտեք, երբ արջը առաջին անգամ որևէ տեղ առանց խոչընդոտ մտնում է, դրանից հետո պարբերաբար սկսում է նույն տեղը գնալ: Մենք, երևի, արտակարգ իրավիճակների նախարարության հետ այս խնդրին լուծում տանք, միգուցե, վախեցնող նոր մեթոդներ մշակենք և խստացնենք վերահսկողությունը, որպեսզի կարողանանք լուծել այս հարցը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Աղասյանը:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ընդգծեց, որ գյուղացիները վախեցնող մեթոդներ կիրառում են, ամեն ինչ անում են, սակայն խնդիրը չի լուծվում: «Գյուղացիներն ասում են, որ արջերը սոված են, և, փաստորեն, սոցիալ-տնտեսական իրավիճակն ազդել է նաև արջերի վրա»,- կատակեց պատգամավորը՝ ընդգծելով, որ, միգուցե, պետք է կարողանան այդ արջերին իրենց որջերի շրջակայքում կերակրել, որպեսզի նրանք բնակչությանը չանհանգստացնեն, որովհետև իսկապես մեծ վնասներ են հասցնում:

Արամ Աղասյանն էլ նշեց, որ արջերի համար կեցության վայրերում կերային բազա հիմնելու մոդել կա: Նրա խոսքով՝ կա մոդել, որով անտառամերձ հատվածներում պտղատու ծառեր են տնկում, որոնցից արջն օգտվում է: Խոսքը խնձորի, տանձի, մասուրի և այլ պտուղների մասին է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում