Հայաստանն ու Մոլդովան նոր շունչ կհաղորդեն համագործակցությանը. Մոլդովայի նախագահն առաջին այցն է կատարում Հայաստան

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը նոյեմբերի 9-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան: Սա Մոլդովայի նախագահի մակարդակով առաջին այցն է Հայաստանի Հանրապետություն: Այն, անշուշտ, կարևոր նշանակություն ունի երկու երկրների միջև քաղաքական և տնտեսական կապերին նոր շունչ հաղորդելու և դրանք առավել խորացնելու ու ամրապնդելու առումով:

Երկու երկրների միջև քաղաքական և տնտեսական կապերի խորացումն ու ամրապնդումն անհրաժեշտություն է հատկապես այն համատեքստում, որ Հայաստանն ու Մոլդովան ներգրավված են Եվրոպական Միության Արևելյան գործընկերության ծրագրում և ընդհանուր շահեր ունեն եվրոպական և եվրասիական ինտեգրացիոն գործընթացներում: Հայաստանը՝ որպես Եվրասիական տնտեսական միության անդամ երկիր, կարող է նպաստել միության հետ Մոլդովայի համագործակցության խորացմանը, իսկ Մոլդովան իր հերթին՝ որպես ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրած երկիր, կարող է իր լուման ներդնել ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցության խորացման ու ամրապնդման գործում այն պայմաններում, երբ նոյեմբերի 24-ին ակնկալվում է Հայաստանի և ԵՄ-ի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի ստորագրումը:

«Արմենպրես»-ը ներկայացնում է երկու միջև դիվանագիտական կապերի հաստատումից ի վեր քաղաքական և տնտեսական համագործակցության մակարդակը:

Այցեր և հանդիպումներ

2013թ. հուլիսին աշխատանքային այցով Մոլդովայում է եղել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

Մինչ այդ՝ 2012թ. դեկտեմբերին աշխատանքային այցով Հայաստան են ժամանել Մոլդովայի վարչապետ Վլադ Ֆիլատը և փոխվարչապետ, ԱԳ և եվրոպական ինտեգրման նախարար Յուրիե Լանկեն: 2013թ. սեպտեմբերին էլ աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Մոլդովայի փոխվարչապետ, ԱԳ և եվրոպական ինտեգրման նախարար Նատալյա Գերմանը:

2015թ. հունիսին Քիշնևում քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել Հայաստանի և Մոլդովայի արտաքին գործերի նախարարությունների միջև, որին ՀՀ-ից մասնակցել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: 2016թ. փետրվարին Մյունխենի անվտանգության կոնֆերանսի շրջանակներում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Մոլդովայի փոխվարչապետ, ԱԳ և եվրոպական ինտեգրացիայի նախարար Անդրեյ Գալբուրի հանդիպումը:

2016թ. նոյեմբերի 16-17-ը աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Մոլդովայի փոխվարչապետ,ԱԳ և եվրոպական ինտեգրացիայի նախարար Անդրեյ Գալբուրը:

2016թ. դեկտեմբերի 23-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը մասնակցել է Մոլդովայի նախագահի երդմնակալության արարողությանը:

2017թ. հուլիսի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում մասնակցել է Արևելյան գործընկերության երկրների արտաքին գործերի նախարարների ոչ ֆորմալ հանդիպմանը:

Ստորագրված փաստաթղթեր

Հայաստանի Հանրապետության և Մոլդովայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. մայիսի 18-ին: Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից մինչ օրս Հայաստանի և Մոլդովայի միջև ստորագրվել է 18 փաստաթուղթ, 17 համաձայնագիր, 1 հուշագիր:

Տնտեսական կապեր

Հայաստանի Հանրապետության և Մոլդովայի Հանրապետության միջև 2016թ. առևտրաշրջանառության ծավալները կազմել են 1 միլիոն 238 հազար 71 դոլար՝ 2015թ. համեմատ նվազելով 26 տոկոսով: 2016թ. Հայաստանից Մոլդովա արտահանումը կազմել է 334.4 հազար դոլար, ներմուծումը՝ 904 հազար 31 դոլար: 2017թ. հունվար-հունիս ամիսներին երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է 774 հազար 85 դոլար: Այդ ընթացքում Հայաստանից Մոլդովա է արտահանվել 331 հազար 79 դոլարի ապրանք, ներմուծվել՝ 443.06 դոլարի ապրանք:

Մոլդովայից Հայաստան ներմուծվող հիմնական ապրանքատեսակներն են գործած գորգերը, արևածաղկի ձեթը, շինարարական դետալները, խցանը, թասակը և կափարիչ շշերի, տուսպ և այլ կոշտ թափոնները:

Հայաստանից Մոլդովա արտահանվող հիմնական ապրանքատեսակներն են ծխախոտի հումքը, փայտե տակառները, գուռը, հատուկ նշանակության շարժիչային փոխադրամիջոցները, դեղամիջոցները, գրանիտը, ծիրանաքարը, բազալտը:

Մոլդովայի նախագահի՝ Հայաստան պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված են Մոլդովայի Հանրապետության նախագահի հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ Նախագահի, Ազգային ժողովի նախագահի, վարչապետի հետ: Հանրապետության Նախագահի նստավայրում կայանալիք հայ-մոլդովական բարձր մակարդակի բանակցությունների ավարտին նախագահներ Սերժ Սարգսյանը և Իգոր Դոդոնը ԶԼՄ-ների առջև հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով: Մոլդովայի Հանրապետության Նախագահը կայցելի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և Մատենադարան, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, Հայաստանի շախմատի ակադեմիա: Նախագահ Դոդոնը նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Շանթ Խլղաթյան

Հայերեն English Русский

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է միջազգային առևտրային կապերի խթանման կարևորությունը, որը համահունչ է նախարարության նոր գործառույթների հետ

Թբիլիսիի կենտրոնում Ռուսաստանի քաղաքացի է սպանվել

Վարչապետը և նախագահը հանդիպել են ԱԳՆ ղեկավար կազմի և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ

Ռուսական կողմը հայտնել է, որ Բիշքեկում նախատեսվում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Իջևանում քննարկվել են մարզային հեռուստաընկերությունների արդի մարտահրավերները և զարգացման հնարավորությունները

Նորվեգիայի թագավորի մահից հետո հազարավոր մարդիկ հավաքվել են Օսլոյի թագավորական պալատի դիմաց

Պակիստանի ու Թուրքիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ

Վրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնասվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներ

Ռուսաստանի ու Բրազիլիայի ԱԳ նախարարները երկկողմ և միջազգային բնույթի հարցեր են քննարկել

Սեպտեմբերի 1-ից տեսական քննությունները կանցկացվեն ըստ կարգերի խմբավորված հարցաշարերի. ՆԳՆ-ն պարզաբանել է նոր կարգը