Տնտեսություն

Գեղարքունիքում տավարի մսի գինը բարձրացել է

3 րոպեի ընթերցում

Գեղարքունիքում տավարի մսի գինը բարձրացել է

ԳԱՎԱՌ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզում նոյեմբերի առաջին օրերից տավարի մսի շուկայական գինը բարձրացել է 200 դրամով եւ նախկին 2300 դրամի փոխարեն վաճառվում է 2500 դրամով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Վարդենիս քաղաքում գործող «վարդանանք» գյուղատնտեսական կոոպերատիվի ղեկավար Լյուդվիգ Շաբոյանը, հիմնականում բարձրացել է արջառների եւ երինջների կամ երիտասարդ տարիքի անասունների մսի գինը, իսկ ահա տարիքով տավարի մսի մեկ կիլոգրամի գինը տատանվում է 1700-1800 դրամի սահմաններում:«Բնական է, որ արտադրողն այսօր վերավաճառողին միսը տալիս է 2300 դրամով՝ նախկին 2100-ի դիմաց, իսկ 2300 դրամի փոխարեն հիմա տավարի միսը վաճառվում է 2500 դրամով: Հնարավոր է, որ առաջիկայում այն էլի բարձրանա, հնարավոր է, որ մնա նույնը:

Մսի գնի բարձրացումը տարբեր մարդիկ կամ պաշտոնյաներ կապում են զանազան պատճառների հետ, բայց ես կարծում եմ, որ այն առաջին հերթին պայմանավորված է արտահանման ծավալների կամ հնարավորությունների ավելացմամբ:Պատահական չէ, որ գառան միսը հիմա շատ ավելի է թանկացել՝ նախորդ տարվա այս օրերի համեմատ բարձրանալով մոտ 1000 դրամով, քանի որ այն մեծ քանակով է հավաքվել մեր մոտից եւ դուրս տարվել: Բնական է, եթե շուկայում պահանջարկը մեծանում է, ապա մթերքի գինը չի կարող չբարձրանալ, մանավանդ որ գործ ունենք երաշտ տարվա, անասնակերի սակավության հետ»,-ներկայացրեց տնտեսության ղեկավարը, համարելով, որ ներկա գինը որքան էլ գնողների համար թանկ, արտադրողների համար ձեռնտու է ինքնածախսածածկումը եւ վերարտադրությունը ապահովելու համար:

«Շատ լավ է, որ արտահանման հնարավորություն կա, որ անասնապահական տնտեսությունները մթերքի իրացման խնդիր են լուծում, որ այն մսի արտադրությունը խթանելու լավ միջոց է, բայց ամբողջ հարցն այն է, որ մսատու անասունների եկամտաբեր գլխաքանակ ստանալու համար պահանջվում է 3-4 տարի, այն էլ՝ եթե շուկան մնա կանոնակարգված ու կայուն:Այսպես, մի քանի տարի առաջ, երբ բարձրացավ գառի գինը Հայաստանում, ես 180 գլուխ մայր մաքի գնեցի, որ բազմացնեմ հոտը եւ կայուն արտադրանք ստանամ:

Սակայն հաջորդ գարնանը, երբ պետք է ստանայի սպասված օգուտը, գառի մսի գինը շուկայում կտրուկ ընկավ, եւ հարկադրված եղա վերացնել ոչխարի ողջ գլխաքանակը: Այնպես որ, եթե մի քանի տարիների ընթացքում շուկան կանոնակարգված ու կայուն չի մնում, դժվար է որեւէ հարցում վստահ լինել»,-հավաստեց Լյուդվիգ Շաբոյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում