Երևանի շատ վերելակներ դեռ չեն սպառել շահագործման 25 տարին. մանրամասնում է փորձագետը

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չնայած 25 տարի ժամկետին՝ Երևան քաղաքի շատ վերելակներ ենթակա են շահագործման, քանի որ չեն սպառել իրենց օրացույցային կյանքը: Սակայն նկատվում է վերելակների մասնագետների պակաս, ինչպես նաև անհրաժեշտ պահեստամասերի ձեռքբերման դժվարություն:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի գլխավոր փորձագետ Լուսինե Հովհաննիսյանն ասաց, որ Ասիական զարգացման բանկը հետաքրքրված է Հայաստանի վերելակային տնտեսությունը փոխելու խնդրով: «Վերելակների շահագործման համար նախատեսված ժամկետը 25 տարին է: Սակայն վերելակի տեղադրման օրից ուղիղ 25 տարի հետո չի կարելի ասել, որ այն իր շահագործման ժամկետը սպառել է: 1988-ի երկրաշարժից, պատերազմից հետո երկար տարիներ վերելակները չեն աշխատել` կանոնավոր հոսանքի բացակայության պատճառով: Այդ մի քանի տարին բավականին ժամանակ է: 2007-2008 թթ. մոտ 2500 վերելակ կապիտալ վերանորոգվել է, 30-ից ավելի վերելակներ ամբողջովին փոխարինվել են նորով: Բացի այդ՝ ամեն տարի քաղաքապետարանն իր բյուջեից հատկացնում է գումար, որը տրամադրվում է վերելակների կապիտալ վերանորոգմանը»,-ասաց նա ու հավելեց` վերելակները, որոնք ենթարկվում են կանոնավոր տեխնիկական սպասարկումների, լուրջ վերանորոգումների և տեխնիկական անվտանգության փորձաքննությունների և ունեն ռեսուրս, որ դեռ չեն սպառել, ենթակա են շահագործման:

Վերելակների ծերացման միտումն ավելի մեծ է, քան դրանց փոխարինման և արդիականացման միտումը: Սակայն ճիշտ ժամանակին նորոգումները, տեխնիկական սպասարկումները կերկարացնեն նրանց կյանքը: Վերելակները տեխնիկական փորձաքննություն են անցնում տարեկան առնվազն 1 անգամ: Բացասական եզրակացության դեպքում համապատասխան տեսչությունը տրամադրում է կարգադրագրեր շահագործողին՝ համատիրություններին, որոնք պարտավոր են շահագործումը դադարեցնել: 4605 վերելակից այս պահին փորձաքննության վերջնական եզրակացություն ունի 2021-ը: Երևանում բացասական եզրակացություն են ստացել դրանցից 29-ը: «Սակայն մեր գործառույթը փորձաքննություն իրականացնելով և եզրակություն տրամադրելով ավարտվում է: Մենք այլ լիազորություն չունենք՝ հետևելու, որ վերելակը չշահագործվի»,-նշեց Լուսինե Հովհաննիսյանը:

Հին շենքերում նոր վերելակներով փոխարինումներ չեն եղել: «Համատիրությունները և բնակիչներն իրենց ջանքերով ի վիճակի չեն նոր վերելակներով փոխարինելու, անհրաժեշտ է պետական միջամտություն: 2017-ի սկզբին հանդիպել ենք Ասիական զարգացման բանկի ներկայացուցչների հետ, ովքեր իսկապես հետաքրքրված էին գումարը հայթայթելու և Հայաստանում վերելակային տնտեսությունը փոխելու հարցում: Առաջին փուլով նախատեսված էր իրականացնել ամբողջ վերելակային տնտեսության տեխնիկական վիճակի գնահատում՝ հասկանալու առաջնահերթ փոխարինման ենթակա վերելակները, վերանորոգման կարիք ուենցողները: Սակայն անհրաժեշտ գումար դեռևս ձեռք չի բերվել»,-ասաց Հովհաննիսյանն ու հավելեց՝ ՀՀ կառավարության 5-ամյա ծրագրում կան վերելակների հետ կապված խնդիրների լուծման հարցեր:

Երևանի յուրաքանչյուր վերելակ աշխատում է ավելի ծանրաբեռնված, քան տրանսպորտային միջոցները: Փորձագետի կարծիքով՝ վերելակների հետ կապված խնդիրներից առաջինը բնակիչների անուշադիր վերաբերմունքն է դրանց նկատմամբ: Կա նաև մասնագետների պակաս: «Վերելակների մասնագետների ինտեգրում այս համակարգում քիչ է լինում: Ունենք էլեկտրամեխանիկներ տարբեր վարչական շրջաններում, ովքեր արդեն թոշակառու են, սակայն փոխարինողներ չունենք: Չկա նաև ուսումնական հաստատություն, որտեղ կպատրատեն վերելակների էլեկտրամեխանիկներ: Չունենք հերթափոխային ծառայություններ:Շատ համայնքներում էլեկտրամեխանիկի աշխատանքը վերջանում է ժամը 18:00-ին: Եվ եթե դրանից հետո վերելակը խափանվում է, զանգահարում են ԱԻՆ կամ մեկ այլ անձի»,-ընդգծեց փորձագետը:

Կա նաև անհրաժեշտ պահեստամասերի պակաս: Հանրապետությունում տեղադրված վերելակները ժառանգություն են խորհրդային միությունից և պահեստամասերը դժվար են գտնվում: Դրանք ներկրվում են հիմնականում Ռուսաստանից, քանի որ վերելակները ռուսական արտադրության են:

Խոսելով «Վերելակների անվտանգության մասին» իրավական ակտի վերաբերյալ` Հովհաննիսյանը նշեց, որ դրանով փոխվում են ավելի շատ սահմանային պահանջները, առևտրաշրջանառության հետ կապված հարցերը, տեխնիկական պահանջները գրեթե նույնն են: Դրանում ամբողջովին արտացոլված են ներկայիս վերելակների տեխնիկական պահանջները: Սակայն հին վերելակները չենք կարող համապատասխանեցնել այս ստանդարտներին: «Վերելակներից առաջացած դժբախտ դեքերի քանակը նվազագույնի հասցնելու համար պետք է ուժեղացնել համագործակցությունը շահագործողների, համատիրությունների, վարչական աշխատակազմերի և քաղաքապետարանի միջև»,-եզրափակեց փորձագետը:

Հայերեն Русский

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը