Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության Նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 27-ին հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգի շրջանակներում քննարկվել են Կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ինստիտուցիոնալ համակարգի բարեփոխումների և հանրային ծառայության համակարգի արդյունավետության բարձրացմանն ուղղված գործունեության վերաբերյալ, ինչպես նաև Տեղեկատվական անվտանգության ապահովման և տեղեկատվական քաղաքականության հայեցակարգի մասին հարցերը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Առաջին հարցը ԱԱԽ անդամներին զեկուցել են փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը և արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Նիստի մասնակիցներին ներկայացվել են հակակոռուպցիոն ոլորտում մինչ այժմ իրականացված միջոցառումները, այդ թվում՝ «Կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ինստիտուցիոնալ համակարգի բարեփոխումների ապահովման աշխատանքային խումբ ստեղծելու մասին» Հանրապետության Նախագահի 2016 թվականի դեկտեմբերի 20-ի կարգադրության համաձայն ստեղծված աշխատանքային խմբի գործունեության արդյունքում մշակված օրենքների նախագծերի փաթեթը, կոռուպցիայի դեմ պայքարում միջազգային համագործակցության շրջանակներում իրականացված աշխատանքները, ինչպես նաև հակակոռուպցիոն նոր ռազմավարության ուղղությունները: Խորհուրդն ի գիտություն է ընդունել ներկայացված զեկույցները:

Օրակարգի երկրորդ հարցը զեկուցել են Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանը և տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը: Զեկուցողների կողմից ընդգծվել է, որ ՀՀ տեղեկատվական անվտանգության ապահովման և տեղեկատվական քաղաքականության հայեցակարգը, համաձայն ներկայացված նախագծի, պետական քաղաքականության կարևոր բաղկացուցիչ է: Տեղեկատվական տեխնոլոգիաների ներկայիս ծանրակշիռ ազդեցությունը կառավարման բոլոր ոլորտների բնականոն ու արդյունավետ գործառնության վրա ավելի է մեծացնում տեղեկատվական անվտանգության ապահովման հայեցակարգային և նորմատիվաիրավական փաստաթղթերի մշակման ու արդիականացման անհրաժեշտությունը: ԱԱԾ տնօրենը նշել է, որ նախագիծը միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից պատրաստվել է աշխարհում առկա արդի մարտահրավերներին, զարգացումներին համահունչ տեղեկատվական անվտանգության ապահովման նոր չափանիշների, ռազմավարական ուղղությունների մշակման և կիրառման անհրաժեշտությունից ելնելով: Հայեցակարգի նախագծում ներկայացված են Հայաստանի Հանրապետության տեղեկատվության անվտանգության ապահովման ոլորտում առկա վիճակը, հիմնարար արժեքները, սկզբունքները, շահերը, սպառնալիքները և մարտահրավերները, քաղաքականության նպատակները, խնդիրները, ներպետական և միջազգային համագործակցության հարցերը և այլն: Նշված հարցերի համատեքստում ամփոփված են նաև տեղեկատվական միասնական քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները:

Ազգային անվտանգության խորհուրդը, հաշվի առնելով քննարկման արդյունքում հնչած առաջարկությունները, հավանության է արժանացրել հայեցակարգի նախագիծը:

Հայերեն العربية English Русский

Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններից մի քանիսի աշխատանքը վերսկսվել է. ՌԴ փոխվարչապետ

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղությունները

Ալեքսանդրա Գրիգորյանը՝ Մ23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն

ՌԴ-ի և ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարությունները քննարկում են դիզելային վառելիքի մատակարարումների պայմանագրերը

Համաշխարհային օպերային աստղերը՝ Երևանում. Գեղամ Գրիգորյանի հոբելյանը համախմբել է Պլասիդո Դոմինգոյին, Հասմիկ Գրիգորյանին և այլ հայտնիների

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-14/10/26

Ասիական ինդեքսներ - 14-10-26

Վառնան հոկտեմբերի 16-17-ին կհյուրընկալի Urban Wine Fest-ը. BTA

Զինված ուժերում ոչ մարտական մահերի կանխարգելումը համակարգային բարեփոխումներ է պահանջում․ ՄԻՊ

Պետգույքի կոմիտեն ներկայացրել է ավտոմեքենաների և այլ շարժական գույքի առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը